Խոշոր համայնքներում ընտրությունները վերացնում են, որովհետև իշխանությունը վախենում է բողոքող զանգվածից. Բագրատյան (տեսանյութ)
Նմանատիպ
«Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում փակ տարածքում ընթացող հանդիպմանը եղվարդցիներից մեկը հետաքրքրվեց` «եթե բրդեցիք գնաց սահմանադրությունը, երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու», ինչին «այո»-ի կողմնակից, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ պետության հիմնասյուներին՝ սահմանադրական կարգին և մարդու իրավունքներին վերաբերող դրույթներն ուժի են մտնելու հրապարակումից անմիջապես հետո, ԱԺ-ին առնչվողները` 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, նախագահին վերաբերող դրույթները՝ 2018թ-ին գործող նախագահի լիազորությունների դադարեցումից հետո:
«2017թ-ի մայիսից ընտրված խորհրդարանը իրականացնելու է այն լիազորությունները, որոնք չեն հակասում գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորություններին մինչև 2018թ-ը»,– լրացրեց նա` նշելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո մինչև 2018թ-ը Նախագահն է կազմելու կառավարությունը և նշանակելու վարչապետին, որը 11 ամիս անց պետք է հրաժարական տա: Այսինքն` անցումը պետք է լինի սահուն և անցնցում:
«Հայ ազգայի կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հերթական անգամ պնդեց` եթե անցում է կատարվում պառլամենտական համակարգի, պետք է գոնե ընտրական մեկ փուլ լինի, ինչն ընդունված է աշխարհում: ՀՀ նախկին վարչապետն ընդունում է, որ ստեղծված վիճակը փոխել պետք է, բայց առաջարկվող սահմանադրական տարբերակը փոփոխություն է դեպի անփոփոխություն.«Սա որ ընդունվեց, հավերժություն է ստանում գործող իշխանությունը, քաղաքական համակարգը փոխել չի լինելու: Սա ճանապարհ է դեպի միջնադար, դեպի բդեշխությունները, սա վտանգավոր խաղ է»:
Բագրատյանը նաև նկատեց, որ Նոր սահմանադրությամբ վերացվում են խոշոր համայնքներում համայնքապետի ընտրությունները, որովհետև իշխանությունը վախենում է բողոքող զանգվածից:
Ոչ-ական Ազատ Արշակյանն էլ նկատեց, որ տեղի է ունենում ժողովրդի իշխանության յուրացում, ավելին` նա վտանգավոր համարեց, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը քննարկման կամ հանրաքվեի դնելու հնարավորություն է լինելու:
Այո-ից Արման Սաղաթելյանն էլ նկատեց, որ մեր երկրի իրավիճակը թույլ է տալիս աստիճանական փոփոխության, պատկերավոր ասած` տեղավորվել ննջասենյակում, մինչև կավարտվի հյուրասենյակի վերանորգումը և այսպես շարունակ: Ըստ նրա` մենք չենք կարող միանգամից ամեն ինչ քանդել և սարքել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում