Զեկույց. Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգերորդը անպտղություն խնդիր ունի
Նմանատիպ
Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը:
PanARMENIAN.Net-ի հաղորդմամբ` զեկույցում նշվում է, որ եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48% -ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:
Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգերորդն անպտղություն խնդիր ունի (ՄԱԲՀ, 2009): Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում