Ուղղակի հանել են չվերթը
Նմանատիպ
ՀՀ քաղաքացի Նանա Հովսեփյանին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն առաջարկել է երեք-չորս օր մնալ Թել Ավիվի օդանավակայանում կամ հյուրանոցում, մինչև որ հետաձգված չվերթի փոխարեն ընկերությունը նոր թռիչք կազմակերպի՝ միաժամանակ հրաժարվելով գոնե մասնակիորեն հատուցել քաղաքացու մնալու ծախսերը: Իսկ բարոյական վնասի մասին խոսք լինել չի կարող։ Երևան վերադառնալուց հետո էլ նրան ասել են, որ մի բան էլ պետք է շնորհակալ լինի, որ նախապես զգուշացվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց հենց ինքը՝ «Արմավիայի» ուղևորը՝ հավելելով, որ «Արմավիան» որևէ փոխհատուցում չի պատրաստվում կատարել։
«Ես ասում եմ՝ մեկ տարի աշխատել եմ, որ գնամ տասը օրով հանգստանալու, դուք հիմա պարտադրում եք, որ յոթ-ութերորդ օրը հետ գա՞մ: Ես միայն 250 000 դրամ տոմսին եմ տվել: Ես այնքան բարկացած եմ, որ մի անգամ էլ այս «ուղևորությունից» հետո պետք է հանգստանամ»,- ասաց ուղևորը:
Նանա Հովսեփյանը նոյեմբերի 1-11-ը Թել Ավիվում անցկացնելու համար «Արմավիայից» հետադարձով տոմս էր գնել հոկտեմբերի սկզբներին և գնելուց առաջ հետաքրքրվել, թե հնարավո՞ր է, որ չվերթը հետաձգվի: Ասաց, որ վստահեցրել են, որ նման բան անհնար է, առավելագույնը՝ երեք-չորս ժամ ուշացում լինի:
Սակայն Թել Ավիվում գտնվելու վեցերորդ օրը Նանային է զանգահարում «Արմավիայի» ներկայացուցիչը և հայտնում, որ չվերթը հետաձգվել է, առաջարկում է վերադառնալ կամ նոյեմբերի 8-ին, կամ՝ որպես այլընտրանք, նոյեմբերի 15-ին:
Սակայն ուղևորի հարցին, թե այդ դեպքում ավիաընկերությունը պատրա՞ստ է վճարել իր ավել մնալու հյուրանոցային ծախսերը, ըստ Նանայի, իրեն բացասական պատասխան են տվել:
«Կամ էլ ասաց՝ ուզո՞ւմ եք օդանավակայանում սպասեք էդ չորս օրը: Ընդ որում, իմ հեռախոսը ռոումինգ էր, ես իրենց ասում եմ, եթե ես ռոումինգ չունենայի և չվերցնեի ինձ անծանոթ համարը, ի՞նչ էին անելու։ Եթե կիրակի օրը գնայի Թել Ավիվի օդանավակայան ու պարզեի, որ «Արմավիան» չի թռնում: Ասում են՝ «Դե մի բան կանեինք, չգիտեմ» կամ էլ՝ «Ձեր վիճակը նախանձելի կլիներ»»:
Նանա Հովսեփյանը՝ հղում անելով ինչ-ինչ ավիացիոն օրենքների, նշեց, թե ավիաընկերությունը պարտավոր էր իրեն ապահովել կամ մեկ այլ ավիաընկերության նույն օրվա չվերթով կամ ապահովել հյուրանոցով:
«Պարտադիր չի, չէ՞, որ ես հնարավորություն ունենամ հյուրանոցում մնալու ևս հինգ օր»,-ասաց ուղևորը:
Պարտադրված ամսի 8-ին Երևան վերադառնալուց հետո Նանան դիմում է «Արմավիայի» կոմերցիոն բաժին՝ կրած վնասի համար ամբողջական կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար, սակայն այստեղից պատասխանում են, որ Հայաստանի Հանրապետությունում «բարոյական վնասի փոխհատուցում» գոյություն չունի:
«Դե ասում են, հիմա ի՞նչ անենք, մեր ավիաընկերության ներքին խնդիրն է, կոմերցիոն գաղտնիք է, չենք կարող Ձեզ ոչ մի բան ասել, ուղղակի հանել ենք չվերթը: Իսկ իրենց կոմերցիոն տնօրենն էլ, Լևոն էր անունը, ասում է՝ «Ի՞նչ ես մուննաթ գալիս, լա՞վ չի, որ քեզ նախօրոք նախազգուշացրել են: Ասում եմ՝ պետք է շնորհակալ լինեմ, որ ինձ հարա՞մ եք արել»:
Նանան ասաց, որ Թել Ավիվում հյուրանոցում մեկ օրվա միջին արժեքը մոտ 150 դոլար է, սակայն ասել է, որ պատրաստ է, որպեսզի ավիաընկերությունը օրական 100 դոլարով իր համար հյուրանոցում համար վարձակալի, սակայն սա ևս մերժվել է: «Հետո ասում են, ուզում ա, թող Փարիզի ռեյսով ամսի 14-ին գա: Ասում եմ, լավ, Փարիզում մնալը մի կողմ, բայց դուք չգիտեք, որ Փարիզ գնալու համար ինձ private վիզա է պետք»,- ասաց Նանան:
Ասենք, որ Նանա Հովսեփյանը պատրաստվում է դիմել նախ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, ապա ՝ նաև դատարան:
«Արմավիա» ընկերությունից այս պատմության առնչությամբ խոստացան պատասխանել ավելի ուշ՝ մեր գրավոր հարցերին ծանոթանալուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում