ԵՊՄՀ ռեկտոր. «Մեր դասախոսներն ու ուսանողները գրեթե ամեն շաբաթ այցելում են զորամասեր, և այս համագործակցությունը պետք է շարունակվի»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին հանդիպել է ԵՊՄՀ-ի գիտխորհրդի անդամների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին հրավերն ընդունելու համար, Ռ. Միրզախանյանը նշել է. «Պարոն նախարար մենք հպարտանում ենք Ձեր կենսագրությամբ, որտեղ իրենց արտացոլումն են գտել մեր ազատամարտի կարևոր դրվագները: Ձեր և այլ հերոս տղաների շնորհիվ ազատագրվեցին մեր պատմական հողերը»:

Ինչպես փոխանցում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ԵՊՄՀ-ի ռեկտորը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և ԵՊՄՀ-ի միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ ԵՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները գրեթե ամեն շաբաթ այցելում են զորամասեր, և այս համագործակցությունը պետք է շարունակվի:

Պաշտպանության նախարարը զինված ուժերի և իր անունից շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով ներկաներին ԵՊՄՀ-ի հիմնադրման 90-րդ տարեդարձի առթիվ նշել է, որ. «Բուհի շրջանավարտները տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման գործում: Ազգային ազատագրական շարժման օրերին մանկավարժական ինստիտուտում ևս կազմավորվեցին ջոկատներ»:

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերին, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը և մշտապես կապ պահպանի դպրոցի մանկավարժների հետ: Բացի դրանից երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր’ հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար:

Սեյրան Օհանյանը կարևորել է նաև երկու ոլորտների սերտ համագործակցությունը, որը նպաստում է համատեղ կազմակերպվող մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումների միջոցով պաշտպանության համակարգի ընդհանուր ամրապնդման առաջընթացին: «Գտնում եմ, որ մեր համագործակցությունը, որը սկսվել է մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, այսօր արդեն դրված է բարձր մակարդակի վրա»:

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ռազմական կրթության, սպառազինության և այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նախարարը առանձնացրել է երկրի անվտանգության համար ամենակարևոր երեք ճյուղերը՝ տնտեսությունը, բանակը և հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք հանդիսանում են մեր պետության ընդհանուր անվտանգության հիմնասյունը:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մի քանի օրինակ նվիրել է համալսարանի գրադարանին:

Այնուհետև նախարարը պատասխանել է գիտխորհրդի անդամներին հուզող հարցերին:

Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով պարգևատրել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, իսկ ԵՊՄՀ-ի թանգարանին հանձնել հուշանվեր:

ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը իր հերթին պաշտպանության նախարարին պարգևատրել է «Երևանի պետական մանկավարժական համալսարան 90» մեդալով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում