ՀՅԴ-ն կսատարի Ս.Սարգսյանի թեկնածությունը, եթե վերջինս երաշխավորի իրենց ներկայացրած 7 կետերի իրականացումը
Նմանատիպ
ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ որպես նախագահի թեկնածու ամեն գնով փրկիչ ման գալու գործը չի աշխատելու: «Չի կարող աշխատել, որովհետև քրիստոնյա աշխարհն ունեցել է մեկ փրկիչ, նրան էլ խաչել են: Հիմա նոր փրկիչ մենք չենք կարող գտնել ի դեմս մարդու», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Ելքը, ըստ ընդդիմադիր խմբակցության անդամի, գաղափարների ու ծրագրերի շուրջ համախմբումն է: Նրա խոսքով, Հայաստանինն անհրաժեշտ են համակարգի այնպիսի փոփոխություններ, որի արդյունքում մարդն էլ կփոխվի, կատարի ծրագրային այնպիսի փոփոխություններ, որոնք պարտադրում է համակարգը: «Այսօրվա համակարգը պարտադրում է միայն կոռուպցիա, պարտադրում է միայն խմբիշխանություն, միայն մենաշնորհ: Նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելով համակարգը չի փոխվի: Մենք ասում ենք համակարգային փոփոխություն, որը ենթադրում է, թե գործող անձանց փոփոխություն, թե նախագահի փոփոխություն», -հավելեց պարոն Մինասյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, 2013-ին Դաշնակցությունը որպես թեկնածու առաջադրելո՞ւ է գաղափարը, թե՞ մարդուն:
«Մենք առաջադրել ենք յոթ կետանոց մոտեցումներ և հրավիրել ենք քննարկումների, եթե այդ մոտեցումներն ընդունվում են, առաջ է գալիս այն անձը, որը ոչ միայն ընդունում է մոտեցումները, այլ նաև երաշխավորում է, որ այդ փոփոխությունները կարող են իրականացվեն, դրա արդյունքում կարող է ծնվել թեկնածուի շուրջ համախմբում», -պատասխանեց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, այս պահի դրությամբ իրենց առաջարկած յոթ կետանոց մոտեցումներն իրականացնելու հնարավորություն ունի գործող իշխանությունը:
Այս համատեքստում հնարավո՞ր է Դաշնակցությունը 2013-ին պաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Մինասյանը պատասխանեց. «Եթե նախագահ Սերժ Սարգսյանը ընդունի այդ յոթ կետերը և երաշխավորի դրանց իրականացմանը, ապա ինչու ոչ, չէ՞ որ մեր համար անձը երկրորդական նշանակություն ունի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում