Խ.Օռիկո. «Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հայտնում են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից։
Բարձրաստիճան հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։
Խորխե Օռիկոն հուշամատյանում կատարեց հերեւյալ գրառումը.«Ուրուգվայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունը։ Հնարավոր չէ գնալ ապագա առանց հաստատակամության։ Ընդունեք իմ հուզումնառատ ողջույնները»։
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկեց մշտադալար եղեւնի։
«Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1920 թվականին, երբ Հայաստանը դիմել էր Ազգերի Լիգային անդամակցելու համար, 11 երկրներից առաջինը կողմ քվեարկեց Ուրուգվայը։ Մեր երկիրը պատրաստակամ է համագործակցել այն հարցերում, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Ուրուգվայը խաղաղության երկիր է, եւ մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք աջակցել մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ ձեռք բերեն խաղաղություն։ Մենք սատարում ենք այն բոլոր գործընթացներին, որոնց հիքում միջազգային իրավունքն է, ազգերի ինքնորոշման եւ ինքնիշխանության սկզբունքները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը»,- լրագրողներին ասաց Խորխե Օռիկոն։
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուրուգվայը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց.«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Մենք Հայաստան եկել ենք համագործակցության համար։ Սա դիվանագիտական պատասխան չէ. մենք պետք է հարցն ամբողջովին ուսումնասիրենք, խնդրի վերաբերյալ ստանանք անհրաժեշտ տեղեկատվություն եւ փորձենք օգնել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում