ՕԵԿ-ը ողջունել է ԲՀԿ-ի հետ խորհրդակցությունները՝ հավատարիմ մնալով իր քաղաքական կուրսին
Նմանատիպ
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին:
ՕԵԿ տեղեկատվական կերտրոնից հայտնում են, որ քաղխորհրդում լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումներով հանդես են եկել ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը:
Անդրադառնալով ՕԵԿ միջազգային գործունությանը’ կուսակցության քաղաքական խորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ երիտասարդական միության’ ԵԺԿ-ի երիտասարդական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրին, համաձայն որի’ 2013 թվականին ՕԵԿ Երիտասարդական միությունը մաս կկազմի միջազգային երիտասարդական այդ հեղինակավոր կառույցին: Շահգելդյանը ներկայացրել է նաեւ նոյեմբերի 30-ին Երեւանում կայանալիք ԵԺԿ գագաթաժողովին ՕԵԿ մասնակցության առընչվող խնդիրները, ինչի կապակցությամբ ընդունվել է համապատասխան որոշումներ:
Կարեւորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսել է ՕԵԿ փոխնախագահ Բիշարյանի եւ Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է քաղաքական դաշտում այսուհետ եւս հանդես գալ կառուցողական գործընկերության դիրքերից եւ հավանություն է տվել տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:
Հավատարիմ իր քաղաքական կուրսին եւ մինչ այժմ գործադրած ջանքերին, կարեւորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը’ կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո’ պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:
ՕԵԿ քաղխորհուրդն արձանագրել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակն, ՕԵԿ-ի դիրքորոշմամբ, պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում