Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում տոնվում է Ուսանողության օրը: Հայաստանում այն նունպես նշվում է. այդ կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: 

Իսկ տոնն առաջացել է այն ժամանակ երբ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես Ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է որպես Ուսանողության միջազգային օր:

Ըստ ՀՀ վիճակագրական վարչության «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին» զեկույցի, 2011/2012 ուսումնական տարում հանրապետության 68 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություննեում և 12 մասնաճյուղերում սովորել է 95308 ուսանող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում