Այս գիշեր դիտվելու է Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը
Նմանատիպ
Նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Ինչպես տեղեկացնում է հայկական աստղագիտական ընկերությունը, նոյեմբերի 17-18 գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:
Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ, Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում