Աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 15 հազար ծառ և 5 հազար թուփ
Նմանատիպ
Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով’ վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները’ քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ ծառատունկի համար ընտրվել է մշտադալար և դեկորատիվ ավելի քան 10 ծառատեսակ: Քաղաքապետարանը հոգացել և ապահովել է նաև ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 15 հազար ծառ և 5 հազար թուփ:
«Ծառատունկը հիմնական իրականացվել է բակային, ընդհանուր օգտագործման, երկար տարիներ անուշադրության մատնված բաց տարածքներում, ինչպես նաև մայթեզրյա հատվածներում: Ծառերի վնասվելու հնարավոր դեպքերը կանխելու նպատակով դրանք ամրացվել են ամրակներով և մետաղական ճաղավանդակներով: Ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 40 հազար ծառ և 5 հազար թուփ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում