Առաջարկ՝ Գյումրու քաղաքապետին. Սոցիալապես առավել անապահով երեխաների համար նախակրթարանները դարձնել անվճար
Նմանատիպ
Նոյեմբերի 16-ին’ «Շիրակ կենտրոնը», սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների համար նախակրթարաններն անվճար դարձնելու մասին դիմում-առաջարկություն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին և ավագանու անդամներին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն քաղաքապետ և ավագանու հարգարժան անդամներ,
Ինչպես գիտենք, Գյումրիում սոցիալապես առավել ծանր պայմաներում են բնակվում տնակային ավանների բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքները:
Մեր ուսումնասիրությունները և դիտարկումները ցույց են տվել, որ այդ ընտանիքների մանկահասակ երեխաների մեծ մասը զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից’ հիմնականում պահանջվող վարձավճարները մուծելու միջոցներ չունենալու պատճառով: Այդ երևույթը բացասաբար է ազդում հարյուրավոր երեխաների պատշաճ խնամք ու սնունդ տրամադրելու, ինչպես նաև նրանց ծնողների ու խնամակալների զբաղվածության ապահովման վրա: Ցավոք, աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում նախակրթարանները վճարովի են, այն դեպքում, երբ մայրաքաղաքում դրանք անվճար են:
Պարոն քաղաքապետ և ավագանու հարգարժան անդամներ, դիմում ենք ձեզ’ առաջարկելով 2013 թվականի հունվարի 1-ից Գյումրու սոցիալապես առավել խոցելի ընտանիքների, մասնավորապես’ տնակներում բնակվող բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների համար նախակրթարանները դարձնել անվճար:
Ակնկալում ենք, որ մեր այս առաջարկությունը կընդգրկեք Գյումրու ավագանու առաջիկա նիստերից մեկի օրակարգում և 2013 թվականի համայնքային բյուջեն հաստատելիս կներառեք հատուկ տող վերը նշված սոցիալական խմբերի երեխաների համար Գյումրու նախակրթարանների վարձավճարները համայնքային բյուջեի միջոցներից տրամադրելու մասին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում