ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 97 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է լիցենզավորման ենթակա բոլոր տեսակների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունը եւ դրանց նկատմամբ կիրառել հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք եւ նշանակալի արտոնություններ: Ուստի, այս նախագիծը վերաբերում է վերոնշյալ զինծառայողների համար արտոնություններ սահմանելուն. առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ստաժը կրկնակի հաշվարկել:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել նշված երկու օրենքներում առկա հակասությունները, կարգավորել սոցիալական վճարների պարտավորությունները չկատարելու դեպքերում` հարկային մարմնի կողմից դրանց գանձման գործընթացում առկա խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում