Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը
Նմանատիպ
Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում ունեցան Թևադրոս Բ պապի հետ’ Ղպտի Եկեղեցու գահակալին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է.
«Աստծու կամքով և ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ. Մարկոսի հետնորդ, արժանացել է երկրի համար այս կարևոր շրջանում ղպտի քրիստոնյաներին ծառայելու և նրանց հոգևոր կարիքները հոգալու պատվին: Ամենակարող Աստծու զորակցությամբ Ձերդ Սրբությունը կշարունակի Ձեր երջանկահիշատակ նախորդի աշխատանքը’ նաև նպաստելով եկեղեցիների միջև երկխոսությանը…:
Մեր երկու դավանակից Եկեղեցիները դարեր շարունակ կապված են իրար հետ հավատքի անշեղ միությամբ և Քրիստոսի անմնացորդ սիրով: Մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները արտահայտվել են երկկողմանի հանդիպումներով և էկումենիկ շարժան մեջ մեր ներկայացուցիչների համագործակցությամբ: Մենք աղոթում ենք, որ այս հարաբերությունները նորոգյալ ոգով շարունակվեն Ձերդ Սրբության գահակալության օրոք’ արձանագրելով նոր ձեռքբերումներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում