Ստ.Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին
Նմանատիպ
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պաշտոնական նամակով այսօր դիմել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Իսկ պատճառը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Նամակում մասնավորապես նշվում է.
«Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաև’ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, խնդրում եմ ինձ տրամադրել.
1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
2. ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով:
2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները և անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի’ ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում