Քննարկվել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել’ մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հայտնում են ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին’ վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը թույլ կտա բացահայտել չիրագործված մեծ ներուժը և տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները ևս հասցնել այդ մակարդակին»:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: Դմիտրի Կոլեսնիկովը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության և մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Նշվել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:
Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում