Որո՞նք են թուրքական ապրանքը Ռուսաստան հասցնելու գաղտագողի ճանապարհները (տեսանյութ)
Նմանատիպ
Տարածաշրջանում ընթացող արտաքին քաղաքական զարգացումները հետաքրքիր իրավիճակ են ստեղծել: Մասնավորապես՝ ռուս-թուրքական հարաբերություններն ուղղակի ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանի վրա: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Օրինակ՝ Թուրքիան ինքնաբավ է և այն, ինչ արտադրում է Ռուսաստանի համար, ինքը չի կարող սպառել, ուստի պետք է գտնի սպառման շուկա: Որն է այս սպառման շուկան՝ կամ գաղտագողի ճանապարհներով այդ ապրանքն այնուամենայնիվ հասցնել Ռուսաստան, կամ գտնել այլ շուկա: Ռուսաստան ապրանք հասցնելու ճանապարհները՝ այստեղ, բնականաբար, օգնության է հասնելու Ադրբեջանը: Ի դեպ, ադրբեջանական ֆորումներում այս հարցը քննարկվում էր, բայց պետական մակարդակով դա դադարեցվեց, թե նման հարցերը հրապարակային մի քննարկեք: Կամ՝ Բելառուսի աղմուկը, որ փորձ էր արվել թուրքական ապրանք տանել Ռուսաստան: Հիմա եթե այդ ապրանքը գաղտագողի ճանապարհով չկարողանա հայտնվել ռուսական շուկայում, պետք է հայտնվի այլ ցանց, որն այժմ քննարկվում է վրացական ֆորումներում: Օրինակ՝ Վրաստանում քննարկվում է, որ իրենք հիմա գին թելադրողի դերում են՝ այնտեղ կա ապրանքի լճացում, ուստի մենք կարող ենք ոչ թե էժան գնի շուրջ համաձայնել, այլ այդ էժան գինը մենք առաջարկենք: Որքանով է սա մեզ համար հետաքրքիր դառնում՝ առաջին հերթին փող աշխատելու գայթակղություն է առաջանալու թե տնտեսվարողների մոտ, թե չինովնիկների, որոնք փորձելու են աջակցել տնտեսվարողներին թուրքական ապրանքը հասցնել Ռուսաստան: Սա նշանակում է, որ պետական մակարդակով խստագույն վերահսկողություն պիտի լինի, որ արկածախնդիրները պետական խնդրի չհանգեցնեն»,- ընդգծեց Պիպոյանը:
Ըստ նրա՝ եթե Բելառուսի դեպքում Ռուսաստանը սահմանի վրա բռնեց և երկիրն իր ապրանքների հանդեպ խստացրեց ռուսական հայացքը, ապա Հայաստանի պարագայում նման քայլը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում