Ընդդիմությունը պայքարի նոր գործիքակազմ պիտի ընտրի. ՍԴՀԿ-ի վերահսկած տեղամասերում հաղթել է «ոչ»-ը (տեսանյութ)
Նմանատիպ
Դեկտեմբերի 6-ին անցկացված Հանրաքվեն որակապես չտարբերվեց վերջին 20-25 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններից՝ ստվերելով Սահմանադրական հանրաքվեի ողջ իմաստն ու էությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ միաժամանակ զերծ մնալով պնդումից՝ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումներն ազդե՞լ են Հանրաքվեի արդյունքների վրա, թե՞ ոչ. «Ասելու համար ազդել է կամ չի ազդել, դրա համար ավելի շատ տվյալներ ենք պետք, այսինքն՝ օբյեկտիվ պատկերի համար Հնչակյան կուսակցությունը բոլոր տեղամասերում պիտի ունենար իր անդամները: Ըստ այդմ՝ եթե ասենք ընտրախախտումներն ազդեցին հանրաքվեի արդյունքների վրա, անկեղծ չենք լինի, եթե ասենք չազդեցին՝ նույնպես անկեղծ չենք լինի»:
Մի բան սակայն հստակ է՝ որ տեղամասում «այո» -ի կողմնակից Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ունեցել է հանձնաժողովում անդամներ, որոնք ներկայացված են եղել այլ խորհրդարանական ուժերի կողմից, քվեարկությունն անցել է բաց, թափանցիկ և հաղթել է «ոչ»-ը:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն այս համատեքստում շեշտեց, որ Սահմանադրական քարոզարշավը չփայլեց բովանդակային քննարկումներով. թե «այո»-ի, և թե «ոչ»-ի կողմնակիցները չկարողացան քաղաքացիներին բացատրել սահմանադրության փոփոխություններին անցնելու կամ չանցնելու իմաստը:
Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատի հանրահավաքային պայքարին, Նարեկ Գալստյանը նշեց՝ կազմակերպիչների կողմից հնչում են տրաֆարետային հայտարարությունների իշխանությունների հեռացման մասին՝ լավ իմանալով, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունների հեռացման հարց չի լուծվում:
Հնչակյան կուսակցության ներկայացուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը մեկ քայլ առաջ է և ժողովրդավարացման առումով այն այլընտրանք չունի. անհրաժեշտ է զարգացնել կուսակցական ներկայիս դեգրասացված համակարգը:
Արդեն Times.am-ի հետ զրույցում դիտարկմանը՝ հաշվի առնելով դեկտեմբերի 6-ի ընտրական պատկերը, չեք կարծո՞ւմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները նույն կերպ են անցկացվելու, կյանքի և մահու այս պայքարն ավելի սրվելու, քանի որ մեկ ճակատագրական ընտրության հնարավորություն ունենք: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձելու է ամեն կերպ մեծամասնություն կազմել, Գալստյանն ընդունեց՝ պայքարը սրվելու է. «Եթե ընդդիմադիր ուժն այդտեղ չունի իր ներկայացուցիչը, ապա պարզ է, որ տեղի գյուղապետը, իշխանության կողմնակիցներն անելու են ամեն ինչ, որ անցնի իրենց պաշտպանած ուղին: Սա է մեր իրականությունը, պետք է հասկանանք, որ մի քանի 100 հոգի հրապարակում հավաքելով երբևէ որևէ հաջողության չենք հասնելու, ինչպես մինչ այս չենք հասել: Ամեն անգամ դրվում է «ամեն ինչ կամ ոչինչ»-ի գաղափարը, թե վաղն իշխանափոխություն ենք անելու…միգուցե պետք է հասկանալ իշխանության հնարավորությունները և ընտրություններին մասնակցելու այլ գործիքակազմ ընտրել, վերանայել նախորդ գործընթացները: Այլապես ոնց որ «դե ժավյու» լինի՝ ընտրություն, որից հետո ընտրությունների կեղծման մասին հայտարարություն, հավաքում են մի 100 մարդ և խոստանում իշխանափոխություն անել, հետո ձերբակալություններ ու տուն»:
Հակադարձմանը, թե ՀՀԿ-ն չի թաքցնում, որ մեծամասնություն է լինելու և կոալիցիա կազմելու իրեն գաղափարապես մոտ կուսակցության հետ, որտե՞ղ է լինելու Դաշնակցությունը, Գալստյանը հորդորեց ՀՀԿ-ից հարցնել: Իսկ թե որքանով է խորհրդարանական համակարգի կոալիցիան տարբերվելու կիսանախագահականի կոալիցիաներից, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն արձագանքեց. «Եթե մենք մտնում ենք խորհրդարան և հիմնական իշխող ուժը բերում է պետական վերջին սեփականությունները մասնավորեցնելու օրինագիծ, ապա լինենք կոալիցիայի մեջ, թե՝ ոչ, դեմ ենք քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում