Մոնղոլիան համալրել է ԵԱՀԿ լիիրավ անդամների կազմը
Նմանատիպ
Մոնղոլիան դարձել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի ու առևտրի նախարար Իմոն Գիլմորը:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ԵԱՀԿ-ին Մոնղոլիայի անդամակցության որոշումն ընդունվել է կոնսենսուսով՝ բոլոր անդամների համաձայնությամբ:
«ԵԱՀԿ ամբողջ ընտանիքի անունից ես ուրախ եմ ողջունել Մոնղոլիային’ որպես ԵԱՀԿ նորագույն մասնակից պետություն: Մոնղոլիան Ասիայի տարածաշրջանային համագործակցության վաղեմի գործընկերն է եղել: ԵԱՀԿ-ն Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անդրազգային անվտանգության մարտահրավերների դեմ առ դեմ է կանգնում և Մոնղոլիայի ցանկությունն ամբողջովին միանալ մեր ջանքերին’ ընդգծում է մեր Կազմակերպության աշխատանքի կարևորությունը: Ես անհամբեր սպասում եմ ողջունել Մոնղոլիայի նոր կարգավիճակը դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, ինչպես նաև հետագայում խորացնել մեր համագործակցությունը»,- իր խոսքում նշել է Իմոն Գիլմորը:
Այժմ ԵԱՀԿ անդամների թիվը հասել է 57-ի, ինչն այս կազմակերպությանը դարձնում է խոշորագույն տարածաշրջանային միջպետական միավորումն աշխարհում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում