2013-ին կկազմակերպվի «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը կտեղակայվի Երևանում
Նմանատիպ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստի:
Նիստի ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի և իրավիճակի հնարավոր սրման դեպքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նիստում ելույթով հանդես եկավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ընդհանուր գնահատական տվեց Աֆղանստանի հետ կապված իրավիճակին և անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
Դրանք վերաբերում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմարդյունաբերական ոլորտում փոխգործակցության, միջպետական մակարդակով ընդունված որոշումների իրականացման ապահովման ու իրավական աջակցության, տեղեկատվության փոխանակման ոլորտում մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը:
Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նիստի մասնակիցներին, որ 2013 թվականին կկազմակերպվի և կանցկացվի «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում