Գուգարաց թեմում ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում
Նմանատիպ
Գուգարաց թեմում անցնող 15 տարիների ընթացքում’ 1996-2012թթ., կառուցվել, վերանորոգվել և վերակառուցվել են թվով 34 եկեղեցիներ, որոնցից 9-ը նորակառույց են, իսկ 25-ը’ վերանորոգված և վերակառուցված: Ներկայումս թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում:
Այս տարում Լոռու մարզում վերաօծված 3 եկեղեցիներին’ Մեծ Պառնի, Չկալով և Ձորագյուղ համայնքների եկեղեցիներին, հաջորդել է Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու վերաօծումը: Կատարած աշխատանքները թվերով ամփոփում ու ներկայացնում են թեմի մամուլի ծառայությունից:
Վանաձորի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին գտնվում է քաղաքի Խնձորուտ թաղամասում’ Տանձուտ գետի աջ ափին, գերեզմանոցի հարավային մասում: Սրբավայրը կառուցվել է 7-9-րդ դարերում, իսկ Խորհրդային շրջանում ծառայել է որպես պահեստ: 1857թ. եկեղեցին վերակառուցվել է, սակայն 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով այն կրկին դարձել էր վթարային: Տևական ժամանակ եկեղեցին մնացել էր խոնարհված ու լքված:
Եկեղեցին անդառնալի կորուստից փրկելու, այն սկզբնական նպատակին ծառայեցնելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չույջյանի օրհնությամբ և հիմնադիր բարերարներ Մարտուն և Արեն Աղաբաբյանների նախաձեռնությամբ ու բարեպաշտ հավատացյալների աջակցությամբ 2012թ. եկեղեցին վերանորոգվել է: Այս տարի հուլիսի 7-ին ձեռամբ թեմակալ առաջնորդի օծվել և նորակառույց Զանգակատան տանիքին տեղադրվել է եկեղեցու բարձրադիր խաչը:
Տարածքը բարեկարգվել է, գոյություն ունեցող պատմական խաչքարերը առանձնահատուկ բծախնդրությամբ տեղադրվել են եկեղեցու շրջակայքում և եկեղեցին ուխտավայրին վայել տեսք է ստացել:
Ըստ աղբյուրի, նախօրեին էլ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ օծվել է Սուրբ Սեղանը, Խորանը և Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ է մատուցել Տեր Ներսես քահանա Ղալայանը’ մասնակցությամբ հոգևոր հովիվներ Տ. Օհան, Տ. Վահան և Տ. Սողոմոն քահանա հայրերի: Արարողությանը ներկա էին մարզային, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներ’ Մարտուն և Արեն Աղաբաբյաններին ու բարեպաշտ հավատացյալներին’ շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առթիվ, և առ ի երախտագիտություն’ Օրհնության գիր հանձնեց բարերարներին նվիրելով’ հայկական մանրանկարչություն:
Սրբազան Հայրը շնորհակալական խոսք է ասել եկեղեցու շինարարական աշխատանքներին իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերած բոլոր ազնիվ հայրենակիցներին, այդ թվում նաև եկեղեցուն սրբապատկերներ նվիրաբերած անձանց’ Արթուր Նալբանդյանին, Սամվել Դարբինյանին, Ռոբերտ Ավալյանին, Արեն Աղաբաբայանին, Արմեն Վարդումյանին, Արմեն Պետունցին, Արամ Հախինյանին, Վահե Դոխոյանին, Արթուր Ղալայանին, Արմեն Վարդումյանին և ռուսաստանաբնակ Խաչատուր Սարգսյանին և նրանց ընտանիքներին:
Հավարտ սրբազան պատարագին մասնակիցներին բարերարների կողմից մատուցվել է երախտիքի ու գոհության մատաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում