Globe spots. «Չնայած զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներին’ Հայաստանը հաճախ վրիպում է շատ զբոսաշրջիկների տեսադաշտից»

Globe spots միջազգային զբոսաշրջային կազմակերպությունը հրապարակել է այն տասը երկրների ցանկը, որտեղ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել 2013թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանն այդ տասնյակում հինգերորդն է:

«Չնայած զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներին’ Հայաստանը հաճախ վրիպում է շատ զբոսաշրջիկների տեսադաշտից»,- գրում է Globe spots-ը: Զբոսաշրջային կազմակերպությունը նաև ընդգծում է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը և զբոսաշրջիկների համար կարող է հետաքրքրություն ներկայացնել իր հնադարյան վանքերով ու եկեղեցիներով: «Նրանք, ովքեր կցանկանան ավելի շատ իմանալ, ծանոթանալ այս հրաշալի երկրի գեղեցիկ բնապատկերների հետ, կհանդիպեն նաև անկեղծ մի ժողովրդի, որը պատրաստ է անվերջանալի կենացներով օղի հյուրասիրել կամ հրավիրել հյուրերին խորովածի սեղանի շուրջ… կամ էլ երկուսը միասին»,-գրում է Globe spots-ը:

Ընկերությունը նաև հիշեցնում է, որ գալիք տարվա հունվարից Եվրամիության քաղաքացիների համար Հայաստանը վերացնում է վիզային ռեժիմը, ուստի’ ավելի է դյուրացնում զբոսաշրջությունն իր տարածքում:

Global spots-ի տեսանկյունից’ զբոսաշրջության համար հետաքրքիր մյուս երկրներն են’ Պորտուգալիան, Մոզամբիկը, Ղըրղզստանը, Պանաման, Ռուանդան, Կուբան, Ուկրաինան, Մալավին և Կանադան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում