Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած բազմանդամ ընտանիքների խնդիրները մնում են չլուծված (տեսանյութ)
Նմանատիպ
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովման ավելի քան երկու տասնամյակ ձգձգումը տարի առ տարի նոր ու անլուծելի թվացող խնդիրներ է առաջացրել անօթևանության վերացման և Գյումրին տնակներից մաքրելու գործում: Այս մասին նշում է «Շիրակ կենտրոն» հկ-ն:
Եվ քանի որ աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն ընտանիքների անդամների քանակը հաշվի չի առնվում և տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան աղետի հետևանքով կորցրել են ընտանիքները, անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, ասենք 1 կամ 2 սենյականոց բնակարաններ ստացած, նույն բնակարանին հավակնող մի քանի մասից բաղկացած 7-ից մինչև 15 անդամներ ունեցող ընտանիքները: Այդ իսկ պատճառով նախորդ երեք տարիներին 3232 բնակարանի կառուցումն անգամ չլուծեց անօթևանության խնդիրը և միայն Գյումրիում դեռևս չորս հազարի հասնող ընտանիքներ շարունակելու են երկար տարիներ մի կերպ պատսպարված մնալ ժամանակավոր կացարաններում:
Իսկ անօթևան բազմանդամ ընտանիքները նոր բնակարաններ ստանալիս ստիպված կիսվում են. ընտանիքի մի մասը տեղափոխվում է բնակվելու նոր բնակարանում, իսկ մյուս մասն արդեն առանց անօթևանի կարգավիճակի շարունակում է բնակվել տնակում: Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, սովորաբար, նոր բնակարաններ ստացած և կիսված բազմանդամ ընտանիքների առավել անօգնական վիճակում գտնվող մասին են թողնում տնակներում բնակվելու, իսկ վերջիններիս շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: Նման իրավիճակում է հայնվել նաև Գյումրու Ռեպինի փողոցի հարևանությամբ գտնվող տնակային ավանի բնակիչ Հարությունյանների ընտանիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում