Հայաստանում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը
Նմանատիպ
Ս.թ. նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ’ նվիրված սերժանտական կազմի դերին և պարտականություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային հետևակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման և կառավարման համակարգի վերաբերյալ:
ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետները ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետներին են ներկայացրել նաև «Հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգը ԱՄՆ-ում, բյուջետային նկատառումներ, պաշտպանական պլանավորման ուղեցույց» խորագրով բրիֆինգը: Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոց, որտեղ ներկայացրել են «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը և կրթությունը’ կոչումների տարբեր մակարդակներում» խորագրով բրիֆինգը:
Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Փորձագիտական խմբի կայցը կավարտվի դեկտեմբերի 1-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում