Ս.Սաֆարյանը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների օրը օքսիդացվող թանաքների փոխարեն սովորական թանաք և նոր տիպի դրոշմակնիք օգտագործելու խնդրանքով
Նմանատիպ
2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին’ խնդրելով որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաեւ’ անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձեւով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի դիմումի մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,
Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն’ «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո’ անհետանում»:
Ինչպես հիշում եք’ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ եւ էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ’ տեղամասային հանձնաժողովներին:
Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկով.
• վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, եւ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
• ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձեւով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից:
Հարգանոք
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
28 նոյեմբերի 2012թ.»: