Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Հայստանն ընդգրկել իր կազմում

Նոյեմբերի 27-29-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հրավիրվել էր՝ մասնակցելու Դուբայում Համաշխարհային մրցունակության գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, գագաթաժողովի շրջանակներում շուրջ 20 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարները քննարկեցին ազգային մրցունակության զարգացման հեռանկարները նորարարական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության նախագահ, Ամերիկայի բանկի խորհրդի նախագահ Չարլս Հոլիդեյի, ԱՄՆ մրցունակության խորհրդի նախագահ Դեբորա Ուինց-Սմիթի, Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսի, Կորեայի ազգային մրցունակության նախագահական խորհրդի նախագահ, նախարար Թի-Շեն Քուանի, Իռլանդիայի կառավարության մրցունակության խորհրդի գործադիր տնօրեն Մարտին Շանահանի, Ղազախստանի մրցունակության խորհրդի նախագահ Էլդար Աբդրազակովի, գլոբալ ներդրողների ու դոնորների, ինչպես նաև Դուբայի կառավարության բարձրաստիճան ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին ՀԱՄՀ պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով իրականացվող առողջապահության, զբոսաշրջության և կրթության ծրագրերը ներդրումային խթանման և համագործակցության ծավալման նպատակով, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռքբերվեցին փոխադարձ կապերի ընդլայնման վերաբերյալ:

Հաշվի առնելով ՀԱՄՀ գործունեության ձևաչափը և թիրախային ոլորտները՝ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը պատրաստակամություն հայտնեց իր կազմում ընդգրկել Հայաստանը, ի դեմս ՀԱՄՀ-ի:

Ըստ այդմ՝ նախատեսվեց փոխըմբռնման հուշագրի ստորագրումը առաջիկա ամիսների ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում