2016-ն ավելի բարդ է լինելու. Հայաստանի դեպքում 3 տոկոսանոց աճը «զարգացնող» չէ. Քննարկում (տեսանյութ)

2016-ն ավելի բարդ է լինելու. Հայաստանի դեպքում 3 տոկոսանոց աճը «զարգացնող» չէ. Քննարկում (տեսանյութ)

Հայաստանն ունի 4 հիմնախնդիր՝ աղքատություն, արտագաղթ, մենաշնորհներ, կոռուպցիա, որոնց չլուծվելու դեպքում երկիրը շարունակելու է նահանջել և չզարգանալ: Այս մասին Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների թեմայով քննարկմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով տարակուսում է ԱՎԾ վերջին տվյալներից: Ըստ նրա՝  եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը լիներ ոչ թե 3.1, այլ 6 տոկոս, վերը նշված խնդիրների առկայության պայմաններում մեկ է՝ երկրում որևէ բան չէր փոխվելու:

Բագրատ Ասատրյանի համար որպես տնտեսագետի, անհասկանալի է, թե ինչու է Հայաստանում աղքատության մակարդակն այդքան բարձր, եթե կա 3.1 տոկոսանոց տնտեսական ակտիվություն. «Որևէ կերպ հասկանալի չէ նաև, թե ինչու են մարդիկ թողնում, փախչում երկրից: Գիտեք` նախորդ տվյալներն ամփոփվեցին, մեկնողների ու ժամանողների տարբերությունն էլի բացասական է՝ շուրջ 47 հազար մարդ»:

ԿԲ նախկին նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի հանդես էր եկել տնտեսական սպասումների մասին վերլուծական հոդվածով, որում մտավախություն էր հայտնել՝ Հայաստանի տնտեսությունը կանգնած է երկնիշ տնտեսական անկման վտանգի շեմին: Դրա նախադրյալներից մեկը նախորդ տարի արտաքին տրանսֆերտների կրճատումն էր: 

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության «դրայվերներին»,  Բագրատ Ասատրյանն առաջարկում է «պարզ թվաբանություն անել» ըստ իր ձեռքի տակ եղած նախորդ տարվա ընդամենը 3 թվային ցուցանիշներով: Մասնավորապես, անցած տարվա արդյունքներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 993 միլիարդ դրամ: Այս տարի կազմել է 1 տրիլիոն 2 մլրդ.  դրամ, այսինքն` աճը կազմել է 9 միլիարդ, որը մեծ չէ 1 տոկոսից: Իսկ դոլարային արտահայտությամբ` ըստ Բագրատ Ասատրյանի` արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ 10,3 տոկոսով է նվազել, գյուղատնտեսական արտադրանքինը` 12.2 տոկոսով, շինարարության ծավալները` 8.02 տոկոսով: Սրանից եզրակացություն՝ մեր երկրում վիճակը լավ չէ, այլ կերպ՝ Հայաստանի պարագայում 3 տոկոսանոց աճն իրականում աճ չի կարելի համարել, այն չի կարելի որպես զարգացում դիտել, որից կարող է օգտվել շարքային քաղաքացին: «Ակնհայտ է, որ այս տարին լինելու է ավելի բարդ»,-պնդեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պնդում էր, որ 2016-ն ավելի դրական է լինելու, քան կանխատեսվել էր, քանի որ բավականին շատ ներդրումային ծրագրեր այս տարի են իրականացվելու:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հեչթին նկատեց, որ հիմնական կուլտուրաների մասով` խաղող, հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, «ֆանտաստիկ մեծ աճ է գրանցված»: Մասնավորապես՝ կարտոֆիլի դեպքում արձանագրվել է ավելի քան 700 հազար տոննա, ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանը 90-ականներին ունեցել է 300 հազար տոննա, երկրորդ՝ 300-320 հազար տոննա էլ հացահատիկ ենք ունեցել, այն դեպքում, որ ՀՀ ցանքատարածքներն ավելացել են 10-15 տոկոսով: Այստեղ երկու խնդիր կա՝ եթե բնամթերային աճ եղել է, բայց գինը համադրելի չի եղել, այսինքն՝ գյուղացին շահույթ չի ստացել: Իսկ արդյունաբերական արտադրանքի աճն էլ ըստ նրա եղել է պղնձի խտանյութի և մասամբ` ծխախոտի արտադրանքի ավելացման հաշվին, իսկ ողջ վերամշակող արդյունաբերությունն «իջել է»:

Մանրամասները՝ Մեդիա կենտրոնի տրամադրած տեսագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում