Նորվեգիայի խորհրդարանում կստեղծվի Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ
Նմանատիպ
Դեկտեմբերի 4-ին Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Նորվեգիայի Թագավորության Խորհրդարանի’ Ստորտինգի, նախագահ Դագ Տերյե Անդերսենի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները:
Խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Աղաջանյանն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին: Նորվեգիայի խորհրդարանի խոսնակը հետաքրքրվեց նաեւ Նորվեգիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր բնագավառներով:
Որպես հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտներ ՀՀ դեսպանը նշեց տարածքների արդիականացման, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի բնագավառները:
Պարոն Դագ Տերյե Անդերսենը վերահաստատեց դեռեւս 2005թ. Հայաստան կատարած այցի ժամանակ Ստորտինգի նախկին նախագահ Յորգեն Կոսմոյի կողմից Հայաստանի Ազգային Ժողովի նախագահին արված Նորվեգիա այցելելու հրավերը:
Նույն օրը դեսպան Աղաջանյանը հանդիպեց Նորվեգիայի Խորհրդարանի Աշխատավորական կուսակցության պատգամավորներ, Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ Սվերրե Միրլիի, Սվեն Ռոալդ Հանսենի եւ նույն կուսակցության պատգամավոր, Արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգվարդ Օպպեբյոեն Հանսենի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը մանրամասն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին եւ մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության մասին: Դեսպանը կարեւորեց Հայաստան-Նորվեգիա բարեկամության խմբի գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում եւ հույս հայտնեց, որ Նորվեգիայի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած տնտեսական եւ մարդասիրական աջակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում