Հայաստանը միացել է ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին
Նմանատիպ
Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիայում արդեն ավանդական դարձած «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ տարածքում կցուցադրվեն 1000-ից ավելի ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ’ մինչև 59 րոպե տևողությամբ ֆիլմեր:
«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան ևս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Ֆրանսիացիների այս հետաքրքիր և ուսանելի ակցիային անցյալ տարի արդեն միացել է 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն 40 է:
Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Սլավոնական համալսարան, «Նարեկացի» արվեստի կենտրոն, «Նաիրի» կինոթատրոն, «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպություն, Հ1 հեռուստաընկերությունը և «Արմենիա» հոլդինգ) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը:
Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել և հաստատվել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն, արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր կինոծրագիրը: Կինոցուցադրումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ից և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 31-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում