ՏՄՊՊՀ-ն երշիկեղենի արտադրության շուկայում մի շարք կոպիտ խախտումներ է բացահայտել

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները: 

Դրանք են. «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե»,  Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:

Ինչպես հաղորդում են հանձնաժողովի լրատվական ծառայությունից, տուգանքների չափերը հաշվարկելիս Հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը: Եւ քանի որ բացահայտված խնդիրներն առնչվում են սպառողների շահերին և հետևապես մեծ կարևորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа ), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն:

Երշիկեղենի շուկայում գործող արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Մասնավորապես, երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ մանկական անվանումով երշիկների պարագայում: Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Տեղեկացնենք, որ համաձայն Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում նաև որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչն այս դեպքում առկա է:

Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Քանի որ Հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա վերոնշյալ փաստերը Հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է:

Հանձնաժողովը կներկայացնի առաջարկություններ՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգում լրամշակումներ անելու վերաբերյալ.

ՏՄՊՊՀ կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք օրենսդրական բացեր, ինչի հետ կապված Հանձնաժողովը կմշակի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթը: Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրեցինք, որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16 տոկոսը, սակայն մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի այն, կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի:

Հանձնաժողովը օրինախախտ ընկերությունների անվանումները կտեղադրի ՏՄՊՊՀ պաշտոնական կայք-էջում, իսկ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում