Մամուլի «բացահայտումներն» ու քաղաքական նոր իրողությունը

Մամուլի «բացահայտումներն» ու քաղաքական նոր իրողությունը

Հայաստանում ընդդիմության թուլացման պատճառների մասին վերջին շրջանում շատ է խոսվում։ Այդ քննարկումները հատկապես ակտիվացել են վերջին շրջանում, այն բանից հետո, երբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը հանդես եկավ իր հայտնի՝ ծրագրային ելույթով, որտեղ քննադատության հիմնական ալիքն ուղղված էր ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանության տարբեր ճյուղերում իրենց դիրքն ամրապնդած գործիչներին։ Հայաստանյան լրատվամիջոցները փորձում են գտնել հիմնական այն պատճառները, որոնք դարձան այսօրվա իրականության հիմքը։ Հրապարակ են նետվում բազում վարկածներ։ Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ հայ լրագրողները չեն խորշում անգամ ամենաանմիտ և անհիմն թեզեր բարձրաձայնելուց և դրանք «լուրջ» քննարկման առարկա դարձնելուց։ Իհարկե պարզ է, որ այդ ամենն արվում է ոչ թե երկրում առկա խնդիրներին լուծում առաջարկելու, այլ ընդամենը ընթերցողների աչքին ծանրակշիռ երևալու մղումով։ Բայց երբ ներկայացվող նյութը հիմնված է սին փաստարկների վրա, միանգամից բացահայտվում է նման լրատվամիջոցների մերկությունը։

Այսպես, երեկ թերթերից մեկը, վերլուծելով իշխանություն֊ընդդիմություն հարաբերություններում ստեղծված իրավիճակը, ավելի ճիշտ՝ ընդդիմության թուլության պատճառը, նշել էր, իբր դրան նպաստել է այն հանգամանքը, իբր Գագիկ Ծառուկյանն ընդդիմության դաշտում իշխանության խաղն էր խաղում։ Որպես դրա «ապացույց» հղում էր կատարվում այն փաստին, որ ԲՀԿ նախկին առաջնորդը չի մասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին, իսկ հետո, երբ դաշտում առավել ակտիվ էր այսպես կոչված «ընդդիմադիր եռյակը», Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից։

Հոդվածագիրը փորձում է համոզել ընթերցողներին, իբր Գագիկ Ծառուկյանի առաքելությունը հենց ընդդիմադիր դաշտի չեզոքացումն էր։ Իբր հենց դրա համար է նա հայտնվել ընդդիմության դաշտում…

Նման պնդումներ անելով՝ պարբերականն ավելի արդար կլիներ, եթե հարցը դիտարկեր ոչ թե մանիպուլացիոն հարթության մեջ, ակնհայտորեն փորձելով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, այլ իսկապես նշեր այն իրողությունները, որոնք դարձել են ընդդիմության անկման պատճառ։ Չէ՞ որ իշխանությունն ուժեղ մրցակից չուներ անգամ այն ժամանակ, երբ ԲՀԿ֊ն դեռևս կոալիցիայի մաս էր կազմում և հաջող համագործակցում նույն Հանրապետական կուսակցության հետ։ Այդ ընդդիմությունը, իրականում, պարտվել էր դեռևս 2008 թվականին, և հաջորդ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ընդամենը հետևողականորեն ուժեղացրել է իր դիրքերը երկրի ներսում։ 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի «ավանդական» ընդդիմությունն այնքան էր թուլացել, որ պատրաստ էր վազել ցանկացած գործչի ետևից։ Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի, որը նույն ՀԱԿ֊ի թուլության պատճառով իշխանությանը մարտահրավեր նետելու փայլուն հնարավորություն էր ստացել։ Եվ ուրեմն ինչու՞ պիտի երկրի ղեկավարը փաստացի գոյություն չունեցող ընդդիմության շարքերը Գագիկ Ծառուկյանի պես ուժեղ անձնավորություն ուղարկեր, որպեսզի տրոհեր, նորից եմ կրկնում, փաստացի գոյություն չունեցող ըննդիմության շարքերը։ Հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանություն պիտի ունենա այդպիսի պնդումները անող լրագրողը՝ հանրությանը նման «վերլուծություն» նեկայացնելու համար։

Հայկական որոշ լրատվամիջոցների հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նրանք լավ չեն հասկանում ոչ միայն քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև թե ինչ է ընդհանրապես նշանակում «քաղաքականություն» հասկացությունը։ Հակառակ պարագայում նրանք հստակ կգիտակցեին, որ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմություն դառնալը, այնուհետև քաղաքականությունից հեռանալը հստակ մտածված և հաշվարկված քաղաքական որոշումներ էին։ ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքական իր գործունեությամբ նոր որակ է հաղորդել Հայաստանի թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը։ Այդ ողջ ընթացքում Ծառուկյանն առաջնորդվել է ոչ թե իր անձնական կամ նեղկուսակցական շահով, այլ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մղումով։ Եվ եթե կոնկրետ պատմական ժամանակահատվածում այդ շահը պահանջում էր միասնականություն, ներքաղաքական հակամարտության դադարեցում, ուրեմն պետք էր քաղաքականությունից հեռանալու որոշում ընդունել։ Ծառուկյանը շատ է խոսել նման որոշում կայացնելու պատճառների մասին և այդ հարցին տվել հստակ ու սպառիչ պատասխաններ։ Մնացածը շահարկումների ոլորտից է, որը չի կարող օգուտ բերել ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ կողքից նման հարցերը շահարկել փորձող գորրծիչների ու լրատվամիջոցների համար։

Հայաստանի Հանրապետությունն այսօր բռնել է հետագա զարգացման միանգամայն նոր ուղի։ Սա մի ճանապարհ է, որտեղ գոյություն ունեն խաղի հստակ կանոններ և նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները պահպանելու հստակ որոշում։ Ահա թե ինչպիսի իրողության մեջ են գործում այսօրվա իշխանությունները, բիզնեսը, հասարակական այլ ինստիտուտները և նույն ինքը՝ Ծառուկյանը։ Իսկ թե ինչ ենթադրություններ կանի այս ամենից ընդդիմությունը, ցույց կտա ժամանակը։ Եթե նրանք, կամ իրենց սպասարկող լրատվամիջոցները, շարունակեն նախկին անհաջողություններում մեղադրել մարդկանց, ովքեր իրականում իրենց երկրորդ շանսն են տվել, ապա, պարզ է, նորից կկանգնեն արդեն ծանոթ կոտրած տաշտակի առջև։ Իսկ եթե հարմարվեն նոր իրողություններին և իսկապես զբաղվեն քաղաքական գործունեությամբ, ապա կարող են նաև օգուտներ քաղել՝ ներգրավվելով երկրի կառավարման գործընթացին։ Որոշումն իրենցն է, ընտրությունը՝ նույնպես։

Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում