Դավութօղլուն կոչ է արել սահմանադրական հանձնաժողովին վերսկսել աշխատանքները

Նմանատիպ
Թուրքիայի Սահմանադրական հանձնաժողովի կազմալուծումից հետո երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել մեջլիսի կուսակցություններին վերադառնալ սեղանի շուրջ և շարունակել աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին շարունակել աշխատանքներն այս հարցում և ընդգծում, որ անհրաժեշտ է քննարկել ցանկացած հարց առանց նախապայմանների: Թուրքիայում ամեն բանի մասին պետք է խոսել, քննարկել»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) փետրվարի 16-ին հայտարարել է Սահմանադրական հանձնաժողովից դուրս գալու մասին: Երկրում նոր սահմանադրության մշակման նպատակով ստեղծված թուրքական խորհրդարանական կոմիտեն լուծարվել է: Սահմանադրական հանձնաժողովի անդամ, քեմալական կուսակցությունից ընտրված պատգամավոր Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ իրենք հանձնաժողովից դուրս գալու որոշում են կայացրել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների հարցում համաձայնություն չունենալու հետևանքով:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում երեք ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են երկրի կառավարաման խորհրդարանական համակարգը, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է անցում կատարել նախագահական կառավարման մոդելին: «Հանձնաժողովը կազմալուծվեց, երբ ՀԺԿ-ն ասաց, որ կքննարկի միայն խորհրդարանական համակարգին առնչվող հարցեր»,- հայտնել է Փայլանը:
Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովը բաղկացած էր 12 պատգամավորներից՝ երեքական անդամ մեջլիս անցած յուրաքանչյուր կուսակցությունից: Հանձնաժողովն առաջին հանդիպումն ունեցել էր փետրվարի 3-ին՝ քննարկելու 1982 թվականին զինուժի կողմից գրված սահմանադրությունը փոխելու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում