Բաքուն փորձում է փակել դիվերսանտների արտահանձման հարցը. ընտանիքները Սաֆարովի օրինակով բնակարաններ են ստացել. Ալավերդյան

Նմանատիպ
«Այդ անձի անգրագիտությունը սահման չունի, նա երևի անտեղյակ է, որ իրենց հանձնաժողովը տարիներ շարունակ խաբում էր՝ ասելով, որ Ադրբեջանում հայ գերիներ չկան»,-Times.am-ի հետ զրույցում Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահի հայտարարությանն անդրադարձավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց. «Հնարավոր չի, որ Մարտակերտի և Շահումյանի խաղաղ բնակիչներին բոլորին կոտորած լինեն, որոնք 60-ն անց մարդիկ էին: Ի դեպ, եղել է դեպք, երբ պարզվել է, որ 4 կնոջ ստրուկության մեջ են պահել, նրանք նոքարություն են արել տներում, տարիներ անց հաջողվել է վերադարձնել նրանց, իհարկե, եղել են դեպքեր, որ պատանդները տանջամահ են արվել»:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահի Ալի Հասանովը հայտարարել էր՝ «մենք շատ հայ գերիներ ունենք, առաջարկում ենք նրանց բոլորին փոխանակել։ Սակայն հայերը չեն համաձայնում»: Ինչին ի պատասխան ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատել էր, որ սա շատ կարևոր խոստովանական հայտարարություն է, որին պետք է միջազգային կառույցները ուշադրություն դարձնեն:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի արտահանձման Բաքվի պահանջին, Լարիսա Ալավերդյանը Times.am-ի հետ զրույցում ակնարկեց, որ Ադրբեջանն արդեն փակել է այդ հարցը կամ դրա ճանապարհը. «Բնակարաններ են հանձնվել այդ անձանց ընտանիքներին, գործողությունների ժամանակ մահացած դիվերսանտի ընտանիքին ևս պատրաստվում են բնակարան տալ»:
Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ազատազրկման դատապարտված Գուլիևն ու Ասկերովն իրենց պայմաններից չեն բողոքում. ինքն անձամբ է հանդիպել նրանց, առաջիկայում հնարավոր է դարձյալ այցելի:
«Վերաբերմունքը մարդկային է նրանց նկատմամբ, Արցախում գերիներին լավ են վերաբերվում, նրանց խորթ չէ շփումն ադրբեջանցիների հետ: Պատերազմի ժամանակ, երբ գերի էին վերցվում, նրանց տներում էին պահում, որին պետական մակարդակով հետո վերջ տրվեց, բայց կարող եմ ասել, որ ադրբեջանցի գերիներին նորմալ կերակրել են, ոչ մի անմարդկային վերաբերմունք չի եղել»,-ընդգծեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը՝ նկատելով, որ Կարմիր Խաչի միջոցով ադրբեջանցի դիվերսանտները կարող են հարազատներից ծանրոցներ ստանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում