«Շիրակ կենտրոն». Գյումրիում արտագաղթն առավել տարածված է երիտասարդության շրջանում (տեսանյութ)

Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնականաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության և անօթևանության խնդիրները: Այն մասին նշում է «Շիրակ կենտրոն» նախաձեռնությունը:

Սակայն ոչ պակաս կարևոր է երիտասարդության և հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաև այլ անհետաձգելի գործողությունների իրականացումը՝ նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերևս կարևորագույն քայլերից են Գյումրիում մշակութային և ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի ընդունումը և իրականացումը:

Անգամ անզեն աչքով դիտարկելիս երևում է, որ արտագաղթը առավել տարածված է հենց երիտասարդության շրջանում: Ու եթե երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքները հույս ունեն, որ պետությունը վաղ թե ուշ իրենց ապահովելու է բնակարաններով, ապա երիտասարդ ընտանիքները անգամ այդ հեռահար հույսը չունեն, մինչդեռ նրանց մեծ մասն ապրում է վարձով բնակարաններում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում երիտասարդ գյումրեցի ընտանիքներին հուզող առավել կարևոր մի քանի խնդիրների մասին իր մտորումներն է հայտնում երիտասարդ գիտնական, երկու մանկահասակ երեխաների մայր Լիլիթ Կիրակոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում