Բաքուն ընտրվել է եվրոպական խաղերի անցկացման առաջին քաղաքը. Հայկական կողմը չի մասնակցել քվեարկությանը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հերթական’ 41-րդ վեհաժողովը: 49 երկրների մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը:

Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հռոմի միջոցառման մասին Գաբրիել Ղազարյանը մասնավորապես ասել է.

«Օրակարգում ընդգրկված էին բազմաթիվ հարցեր: Քննարկվեցին Լոնդոնում ամռանը տեղի ունեցած օլիմպիական խաղերի ընթացքն ու արդյունքները, ԵՎՕԿ-ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական մարզական փառատոնները, Սոչիում 2014 թ.-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող հարցերը և գլխավորը’ առաջին անգամ կայանալիք եվրոպական առաջին խաղերը: Բանն այն է, որ աշխարհամասերից միայն Եվրոպան չի անցկացնում իր մարզական ստուգատեսը:

Ենթադրվում էր, որ Հռոմում կորոշվի միայն խաղերի անցկացման ժամկետը: Բայց, գոնե մեզ համար անակնկալ, հայտնի դարձավ նաև խաղերի մայրաքաղաքի անունը: Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն: Փակ քվեարկությամբ’ 38 կողմ, 8 դեմ և 2 ձեռնպահ արդյունքով Բաքուն ընտրվեց եվրոպական խաղերի անցկացման առաջին քաղաքը:

Ինչ վերաբերում է մեզ, ասեմ, որ նախապես հայտարարեցինք, որ քվեարկությանը չենք մասնակցի և այդպես էլ վարվեցինք:
ԵՎՕԿ-ի խաղերի ծրագրում նախատեսվում է ընդգրկել այն մարզաձևերը, որոնց միջազգային ֆեդերացիաները կտան իրենց համաձայնությունը: Առայժմ ցանկություն են հայտնել նետաձգություն, բադմինթոն, բռնցքամարտ, կանոե, սուսերամարտ, ձյուդո, հրաձգություն, հանդբոլ, ռեգբի, վոլեյբոլ, եռամարտ, սեղանի թենիս մարզաձևերի կառույցները: Հնարավոր է նաև աթլետների և լողորդների մասնակցությունը:

Ոչ օլիմպիական մարզաձևերից ուզում են հանդես գալ սպորտային պարերի և կարատեի միջազգային ֆեդերացիաները:
Հայաստանի մարզասերներին, բնականաբար, կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը: Այս մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող և մեր դիրքորոշումը կպարզվի ավելի ուշ: Մանավանդ, որ եվրոպական առաջին խաղերը նախատեսված է անցկացնել 2015 թ. հունիսին»,- նշել է Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում