«Գազպրոմին» «ստիպեցի» համատեղ ընկերություն ստեղծել, «ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ ՀԷՑ-ը բրիտանացիներից է գնել. Ռ.Քոչարյան (տեսանյութ)

«Գազպրոմին» «ստիպեցի» համատեղ ընկերություն ստեղծել, «ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ ՀԷՑ-ը բրիտանացիներից է գնել. Ռ.Քոչարյան (տեսանյութ)

Այսօր հրապարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Ռուսաստանը և ես» նախագծին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը: Հիշեցնենք, որ այն անցկացվել էր 2015 թվականի աշնանը:

Հարցազրույցում Քոչարյանը խոսում է Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի, Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունները ռուսական ընկերություններին փոխանցելու, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի նպատակահարմարության և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող այլ հարցերի մասին:

«Ես ռուսական կրթություն ունեմ,  դաստիարակությունս հայկական ավանդույթների ու ռուսական մշակույթի, արվեստի, գրականության խառնուրդն է:  Այդ պատճառով ինձ համար Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարևանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Ռուսաստանն առաջին հերթին ասոցացվում է հենց այդ՝ ռուսական մշակույթի հետ: Ռուսաստանն ինձ դուր է գալիս»,- պատասխանելով ռադիոկայանի լրագրող Աննա Սոուսի՝ «Ինչպիսի՞ն է Ձեր Ռուսաստանը» հարցին, ասել  է Ռոբերտ Քոչարյանը:

Հակադարձմանը՝ եթե խոսենք անձերից, կարո՞ղ եք նշել երեք անուն, որոնք ըստ Ձեզ խորհրդանշում են  Ռուսաստանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, թե  երբեք չի անձնավորել, Ռուսաստանն իր համար լանդշաֆտներն են, մշակույթը, արվեստը: Քոչարյանն ակնարկել է, որ ՌԴ-ի նկատմամբ իր վերաբերմունքի հիմքում  անձերի, առավելևս   քաղաքական գործիչների հանդեպ  ունեցած վերաբերմունքը  չէ բնավ:

Իսկ թե որոնք են ՌԴ-Հայաստան հարաբերությունների համար ամենալավ և վատ ու անհաջող օրերը, ՀՀ երկրորդ նախագահը վատագույն որևէ օր չի մտաբերել. «Նշանակում է չի եղել այդպիսի օր, որը կհիշվեր որպես բացասական: Երկկողմ հարաբերություններն ենթադրում են ամենօրյա քրտնաջան աշխատանք, լինում են  թռիչքներ,  կուլմինացիաներ,  կարևոր ինչ-որ համաձայնագրերի կնքում, օրինակ՝  ՀՀ-ում ռուսական մշակույթի օրեր և հակառակը: Հատուկ  հաշվարկ, անկեղծ  ասած,  չեմ արել: Դժվար է որևէ օր առանձնացնել»:

Այնուհետ շեշտելով, որ Ռուսաստան- Հայաստան հարաբերությունները բավական հարթ են եղել, Քոչարյանն այնուամենայնիվ ընդունել է, որ դաշնակցի հետ հարաբերություններում բարդ թեմաներ են եղել՝ նկատի ունենալով գազի գնի շուրջ բանակցությունները:

«Բայց հաջողվել է փոխադարձ ընդունելի որոշման գալ, և այդ հարցը երբեք հրապարակային  հարթություն դուրս չի եկել: Փոխզիջում միշտ էլ գտել ենք և այդ տեսանկյունից իմ ընկալմամբ ՌԴ-ի հետ անցած ուղին և համագործակցությունը կայուն, դրական, զարգացող  գործընթաց է»,-հավելել է նա:

Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ հիշեցրել է, որ ՀՀ ռազմավարական օբյեկտների մասնավորեցման գործընթացի առաջին մասնակիցները ռուսական ընկերությունները չեն եղել՝ Կոնյակի գործարանը գնել են ֆրանսիացիները, «Արմենիա» հյուրանոցը՝ ամերիկացիները,  օդանավակայանը՝ արգենտինացիները, հեռախոսային կապը՝ հույները: Ըստ նրա՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ ռուսական ընկերություններն ավելի ուշ հետաքրքրություն դրսևորեցին:

««Գազպրոմին» ես ուղղակի «ստիպեցի» այստեղ համատեղ  ընկերություն ստեղծել՝ օգտագործելով ՌԴ-ի նախագահի հետ պայմանավորվածությունները և այլն…Այն տեսակետը, թե ռուսական  ընկերությունները «ներխուժել» են այդ շուկան, որպեսզի նվաճեն, գրավեն այն, իրականությանը չի համապատասխանում: ՀԷՑ-ը գնել, սեփականաշնորհել է բրիտանական և ոչ թե ռուսական ընկերություն, թեպետ ես փորձում էի «ՌԱՕ ԵԷՍ»-ին  համոզել, որ մասնակցի մասնավորեցման գործընթացին, նրանք ասեցին, թե շուկայի ծավալն իրենց չի գրավում, հետաքրքիր չէ: Երկու տարի հետո նրանք բրիտանացիներից ՀԷՑ-ը գնեցին կրկնակի թանկ գնով: Այսպես է ամեն ինչ տեղի ունեցել: Արդեն ավելի ուշ ռուսական ընկերությունները հայաստանյան էներգետիկ ոլորտում հեռանկարներ տեսան,  չնայած ներդրած գումարների վերադարձի առումով, ես կարծում եմ, որ ոչ մի արևմտյան ընկերություն այսպիսի պայմաններում չէր մտնի մեր էներգետիկ սեկտոր: Շուկայի ծավալը մեծ չէ, տարանցիկ բաղադրիչ չկա, մեր դեպքում գործում էր միայն բիզնես տրամաբանությունը»,-մանրամասնել է Քոչարյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը և ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը, մասնավորապես տեսակետին, թե միջնորդական առաքելության արդյունավետությունը միայն նրանում է, որ բանակցությունները  շարունակվում են,  Քոչարյանը նկատել է, թե կարելի է անընդհատ մեղադրել ՄԽ-ին, բայց պետք է հասկանալ, որ միջնորդների դերը հակամարտության կարգավորման տարբերակներ գտնելն է և հակամարտող կողմերին որոշում ընդունելու հարցում օգնելը:

«Սա ճնշման, պարտադրանքի ձևաչափ չէ, ուստի այս դեպքում  ՄԽ-ին մեղադրել, թե ինչու հարցը չեն լուծում,  անիմաստ է: Ի վերջո, փոխադարձ ընդունելի որոշման պետք է գան հակամարտության կողմերը: Եթե խոսենք արդյունավետությունից, իհարկե, պետք է հարթակ լինի, դա ավելի լավ է, քան ոչինչ չունենալը: Բանակցություններն որքան շատ լինեն, այնքան քիչ կկրակեն, այնքան քիչ մարդիկ կզոհվեն: Այնպես որ այս ամենին պետք է մոտենալ պրագմատիկ, հասկանալ, թե գուցե դա ամենալավը չէ, բայց դրա չլինելուց ավելի վատ է լինելու: Ես չեմ հավատում նրան, որ նմանօրինակ հակամարտություններն արագ են կարգավորվում,  նման բան չի լինում: Չէ՞ որ արյուն է թափվել, տեղի է ունեցել բավականին խորոշամասշտաբ պատերազմ, տասնակ հազարավոր զոհեր, վիրավորներ են եղել, ավերվածություններ: Անհրաժեշտ է, որ այս ամենը «սառի»: Առաջին հերթին պետք է ջանքեր գործադրել, որ չկրակեն և նոր միայն փորձել ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ հիմքի վրա գտնել ինչ-որ լուծում»,-ասել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն այս համատեքստում նկատել է, որ շուտ չի լուծվի նաև ուկրաինական հակամարտությունը. Ռուսաստանը Ղրիմը դե ֆակտո մտցրել է ՌԴ-ի կազմի մեջ, իսկ Ուկրաինան դեռ շատ եկար է այն համարելու իրենը:

«Եթե չգտնեն այնպիսի բանաձև, որ Ղրիմը համարվի ընդհանուր «տուն» և Ուկրաինայի, և ՌԴ-ի համար…կան և այդպիսի մոտեցումներ, փորձագիտական համայնքն առաջարկում է ստեղծել կոնդոմինիումի (առաջին՝ սեփականատերերի՝ համընդհանուր  սեփականության միասին ղեկավարման ձև, երկրորդ՝ միջազգային իրավունքում՝ տվյալ տարածքում երկու կամ ավելի պետությունների պետական իշխանության համատեղ իրականացումը) իրավիճակ, այսինքն՝ ստեղծել, պայմաններ, որի դեպքում ուկրաինացիները ևս Ղրիմում իրենց  հարմարավետ կզգան»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում