«Ժամանակ». Արտակ Բուդաղյանը չարդարացվեց

Նմանատիպ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ անփոփոխ թողեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով անցած տարի օգոստոս ամսին Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին ուղղված սպանության սպառնալիքների համար: Առաջին ատյանի դատարանի վճռով Արտակ Բուդաղյանի նկատմամբ նշանակվել էր տուգանք 120 հազար դրամի չափով, և վերջինս համաներմամբ ազատվել էր պատժից: Վերաքննիչ դատարանը մերժեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու և Արտակ Բուդաղյանին արդարացնելու պահանջով բողոքը:
«Ժամանակ»-ը գրել է, որ Ալումյանը վստահ է՝ Արտակ Բուդաղյանի նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ թողնվեց զուտ այն պատճառով, որ դա անհրաժեշտ էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պաշտպանելու համար: Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, թեև այդ ատյանից ևս ակնկալիք չունի, պարզապես անհրաժեշտ է սպառել ներպետական ատյանները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում