Դավիթ Սարապյանը կռվեց ու անմահացավ իր կերտած հաղթանակում
Նմանատիպ
Դեկտեմբերի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում’ նվիրված արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանին: 1972թ.-ին այս դպրոցի առաջին դասարանում էր ուսանում հենց ինքը՝ ազգի ապագա հերոսը:
Իրենց մարտական ընկերոջ հիշատակը եկել էին հարգելու «Տիգրան Մեծ» ջոկատի մարտիկները, Դավիթի կյանքի ընկերները, Դավիթի կարատեյի մարզիչը’ Հայաստանի կարատեյի ֆեդերացիայի նախագահ’ Գրիգոր Միքայելյանը, Դավիթի հարազատներն ու բարեկամները, նրա մասին գիրք հեղինակած տիկին Էվելինա Մելքումյանը, դպրոցի ուսուցչական կազմը, բարձր դասարանների աշակերտները և բազում հայ երիտասարդներ:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր Դավիթ Ամալյանի, Վարդան Գալստյանի և Արսեն Համբարյանի կատարմամբ, իսկ վերջում անմահական հայկական ռազմապարերով հանդես եկավ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը:
21 տարի առաջ դեկտեմբերի 10-ին Դավիթ Սարապյանը’ փայլուն կատարելով մարտական առաջադրանքը, հերոսի մահով ընկավ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում:
Դավիթը մեկն էր այն քաջերից, ովքեր ընտրեցին Հայրենիք կոչվող հողակտորի վրա արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը և առանց վարանելու նետվեցին կենաց-մահու կռիվ մղելու թշնամու դեմ: Նրանք կռվեցին ու անմահացան իրենց կերտած հաղթանակում, ապացուցելով, որ ոչինչ և ոչ ոք չի կարող հաղթել մահը մերժողին, ճշմարտության ու արդարության համար պայքարողին: Ինչպես Գարեգին Նժդեհն է ժամանակին ասել. «Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ: Այսպես վարվել, ասել է, մահը դարձնել ներքին զորություն, ներուժ կյանք և հաղթանակի սկզբունք: Այսպես է վարվում նահատակը, հերոսը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում