Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին կոչ արեց լրագրողների հետ շփման ընթացքում պահպանել էթիկայի կանոնները
Նմանատիպ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց լրագրողների աշխատանքը խոչընդոտելու անթույլատրելության մասին: Փաշինյանը բոլոր պատգամավորներին կոչ արեց լրագրողների հետ շփման ընթացքում պահպանել էթիկայի կանոնները: «Վերջին տարիներին հինգերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում, ցավոք, ժամանակ առ ժամանակ ահազանգներ ենք ստանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կամ լրագրողների հասցեին հնչած վիրավորանքների, պիտակավորումների կապակցությամբ: Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ և երկարամյա լրագրող, մտահոգություն եմ հայտնում այս իրավիճակի կապակցությամբ և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք՝ ի դեմս լրագրողների գործ ունենք հանրությանը մեզ հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ: Եվ իմ կոչն է ու իմ հորդորն է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում մենք պահպանենք պատգամավորական էթիկայի կանոնները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի Ազգային ժողովում վերացնել նման պրակտիկան: «Նման դեպքերն ազդում են ոչ միայն Ազգային ժողովի հեղինակության վրա, այլև ուղղակիորեն խոչընդոտում են լրագրողական գործունեությունը: Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, հարկ եմ համարում նշել, որ դատապարտում եմ նման երևույթները»,- եզրափակեց Փաշինյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ իրենք ևս դատապարտում են նման երևույթները: «Պարոն Փաշինյան, մենք ևս դատապարտում ենք և միանում ենք ձեր կոչին: Ցանկանում եմ կոչ անել, որ բոլորս այս դահլիճում, դահլիճից դուրս, ոչ միայն պատգամավորները լրագրողների հետ շփման ընթացքում, այլ նաև լրագրողները պատգամավորների հետ շփման ընթացքում պահպանեն էթիկայի կանոնները: Կարծում եմ, որ սա ընդհանուր կանոն է բոլորի համար»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում