Հայաստանում կստեղծվի «Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն»
Նմանատիպ
ԵՄ բարեփոխումների արդյունավետ իրականացման և վերջիններին աջակցելու նպատակով’ Հայաստանում կստեղծվի «Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն», որը կզբաղվի պետական գերատեսչությունների աշխատակիցների ուսումնական դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպմամբ’ հետագայում ներառելով պետական, հանրային և քաղաքացիական հատվածների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են Եվրոպական բարեփոխումների գործընթացներին:
Կենտրոնի ստեղծման նախաձեռնության շուրջ այսօր համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի ներկայությամբ: Այս գաղափարը հավանության է արժանացել Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավարության և այլ միջազգային գործընկերների կողմից:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարևորեց «Բարեփոխոււմների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի» ստեղծումը, և նշեց. «Այս կենտրոնի ստեղծումը նաև կհանդիսանա լուրջ գործիք պետական կառավարման և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվելու բազմաթիվ ծրագրերին, որոնք առաջարկում է Եվրամիությունը: Մեզ անհրաժեշտ է ավելի ագրեսիվ ու նախաձեռնողական մոտեցում, որպեսզի կարողանանք այդ բարեփոխումները մեր երկրում դարձնենք անշրջելի: Իսկ այդ գործընթացում կրթության և վերապատրաստման դերը չափազանց կարևոր է: Մենք կարող ենք ունենալ հրաշալի սահմանային ենթակառուցվածքներ, Բավրա, Գոգավան, Բագրատաշեն անցակետերում հրաշալի շենքային պայմաններ, բայց դա ոչինչ է, եթե մենք չունենանք պրոֆեսիոնալ աշխատակազմ»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նախ ողջունեց նախաձեռնությունը, ապա նշեց, որ Հայաստանում հաջողությամբ առաջ են գնում բարեփոխումները, և ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում