Բնակարան ստանալու իրավունքից զրկված անօթևան ընտանիքներն անելանելի վիճակում են (տեսանյութ)

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, ովքեր համալրելու են գյումրեցի’ բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանցից շատերը ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել ոչ պիտանի բնակության համար: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը: Եթե նրանք նախկինում ընդգրկված լինելով բնակարանային փախհատուցման ենթակա անօթևանների ցուցակում, հույս ունենալով, որ երբևէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե ձմռան, թե ամռան ամիսներին գորշ և սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաև հոգեբանական ծանր վիճակում:

Այդպիսի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում է գտնվում նաև օրերս բնակարան ստանալու իրավունքից մերժված և իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում