Քաղաքագետ. Պահանջներ, նախապայմաններ, խելոք մարդկանց խորհուրդներ. Գ.Ծառուկյանը պարզապես չդիմացավ
Նմանատիպ
Քաղաքագետ Արմեն Աղայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԲՀԿ-ի՝ սպասվող նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու որոշմանը:
«ԲՀԿ պարանը, որը քաշքշում էին տարբեր կողմերից, փռթվեց: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանն էր քաշում իր պահանջներով, նախապայմաններով ու սպառնալիքներով, մյուս կողմից Սերժ Սարգսյանն իր նախապայմաններով ու պահանջներով, էն մյուս կողմից խելոք մարդիկ էին հավաքվել ու ինչ-որ խորհուրդներ էին տալիս և Գագիկ Ծառուկյանը պարզապես չդիմացավ: Ես շատ կուզեի հավատալ, որ Գագիկ Ծառուկյանն այս քայլով հեռահար նպատակ ունի, բայց, կարծում եմ, որ նա ստիպված էր այս քայլն անել»,- տեսակետ է հայտնել Ա.Աղայանը:
Ա.Աղայանի համոզմամբ՝ ԲՀԿ-ի վարկանիշը մեկ տարի անց ավելի ցածր կլինի, քան ներկայիս ՀԱԿ-ինը:
Ըստ քաղաքագետի՝ այժմ Ռ. Քոչարյանը պետք է պահուստային տարբերակներ որոնի. «Կա Վարդան Օսկանյանի տարբերակը, սակայն նա ոչինչ է առանց ԲՀԿ-ի, կա նաև իր տարբերակը»: Ա.Աղայանը նաև նկատել է, որ ԲՀԿ որոշումից հետո ծիծաղելի վիճակում են հայտնվել ՀԱԿ-ը, ինչպես նաև՝ իշխանությունը:
Խոսելով մյուս ուժերի հնարավոր թեկնածուների մասին՝ Ա.Աղայանը նշել է, որ ՀԱԿ-ը դեռևս կոնկրետ թեկնածու չունի: Նրա խոսքերով՝ պարզ է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, «քանի որ չի կարող կրկնել 2008-ի իր արդյունքը». «Նման արդյունք կրկնելը կամ դրանից ավելի փոքր արդյունք գրանցելը հեռացող քաղաքական գործչի համար անպատիվ է»:
Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկիմաստ վիճակում է. «Հնարավոր է՝ պարզվի, որ նա միակ լուրջ թեկնածուն է, որ մրցակից կարող է լինել Սերժ Սարգսյանին: Մյուսները խեղկատակությամբ են զբաղվում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում