Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել
Նմանատիպ
Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում’ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից’ պետքարտուղար Իվ Ռոսիեն:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ նշվեց բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին եւս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Լավ հիմք համարելով ավելի քան 20 տարի ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ՀՀ մի շարք գերատեսչությունների միջեւ արդյունավետ գործընկերությունը’ ընդգծվեց հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցության, մասնավորապես’ տնտեսական ծրագրերի խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշխատանքների ակտիվացման կարեւորությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում’ Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Կողմերը քննարկեցին ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, այդ թվում’ Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության եւ ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվեցին տարածաշրջանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում