Ու՞մ է պետք Լյովիկ Զուրաբյանը

Facebook սոցիալական ցանցում, երեկ առաջարկեցի ՀԱԿ համակարգող Լյովիկ Զուրբայանին շնորհել «Տարվա լուզեր» կոչումը: Առաջարկն այս բավական լայն արձագանք գտավ օգտատերերի շրջանում: Կարծես թե, բոլորին դուր է եկել այդ գաղափարը: Անգամ ընդդիմադիրներին, որոնք գրեթե չարձագանքեցին և չվիճարկեցին առաջարկս (իհարկե, բացառությամբ Զուրաբյանի մերձավոր սպասարկուների):

Սոցիալական փոքրիկ այս փորձարկման արդյունքները հետաքրքիր մեկ այլ հարց առաջացրին: Իսկ ու՞մ է պետք Լյովիկ Զուրաբյանը: Մի մարդ, ում գործունեությունը սեփական թիմին վնասներից զատ ոչինչ չի տվել: Մի մարդ, ում սիրավեպը այլ քաղաքական ուժերի հետ պարզապես օքսիդացրել է թե՛ Կոնգրեսի ընտրազանգվածը և թե՛ ապագայում չնչին հաջողությունների հասնելու ընդդիմադիրների վերջին հույսերը: Փոխարենը՝ այս ընթացքում նա զգալիորեն լավացրել է սեփական կարողությունները (ասում են, Զուրաբյանը մարել է նախկինում կուտակված պարտքերը): Դա թույլ է տվել Զուրաբյանին ստեղծել ինֆորմացիոն նոր ռեսուրսներ, որոնք էլ, ըստ հաշվարկի, պետք է ապահովեն մարդկանց և սեփական թիմակիցներին խաբելու, ոտքի տակը փորելու և այլ լյովիկություններ անելու նրա հետագա հնարավորությունները: Իսկ այն փաստը, որ ՀԱԿ «համակարգողը» չի կարողանում կազմակերպել անգամ այդ կառույցի քաղխորհրդի լիարժեք նիստեր, ամբողջացնում է Զուրաբյանի խամաճիկային պատկերը:

Ավելին՝ Զուրաբյանի անպետքությունը անպետք է դարձրել նաև Հայ Ազգային Կոնգրեսի գոյությունը: Համենայն դեպս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Վերջինս արդեն տևական ժամանակ անտեսում է քաղաքական դաշտ սեփական դրածուներին և ակտիվ զբաղվում Հայոց Համազգային Շարժման վերակենդանացման գործով: Թերևս, հենց սա էլ կլինի ԼՏՊ-ի «վերջին նվերը» մեր ժողովրդին ու պետությանը: Իսկ զուրաբյանների ճակատագիրը մոռացության մատնվելն է: Եվ դա նրանց համար լավագույն տարբերակն է:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում