Մենք վախենում ենք մեր ուժից, մեզ վարժեցրել ենք ուրիշի ուժին. Մարտի 5-ին ծնվել է Վազգենը (տեսանյութ)
Նմանատիպ
Սյունիքին հարակից մի գյուղի ազատագրումից հետո Վազգեն Սարգսյանը 1999-ին ՀՀ ՆԳ նախարարի պաշտոն զբաղեցրած Սուրեն Աբրահամյանի հետ զրույցում անկեղծանում է՝ ո՞ւմ ենք մենք պետք լինելու, երբ էս ամենը վերջանա…Կյանքը ցույց է տվել, որ սրանում ճշմարտություն կա. դադարում ես պետք լինել, երբ այլևս ՊԵՏՔ չես, և շարունակում ես պետք լինել, երբ ՊԵՏՔ չես եղել զուտ նյութեղեն: Այսօր ավելի քան երբևէ Վազգենը ՊԵՏՔ է, և առաջին հերթին ժողովրդին, 10, 20 տարով հետ ընկած երկրին, իսկ ոմանց իր այդ ՊԵՏՔ լինելը, ԼԻՆԵԼԸ ձեռնտու չէր:
Արդեն 17 տարի Վազգենը չկա, բայց «սպարապետների ու զորավարների» բազմությանն այդպես էլ չհաջողվեց գրավել «սպարապետական աթոռը»: Բաց է մնացել նաև Վազգեն Սարգսյան պետական գործչի տեղը, որը կարող էր գնալ ինչ-ինչ սխալների սրբագրման և ընդունել՝ էս ժողովրդից գողացել ենք անգամ հիվանդանալու իրավունքը, իսկ հզոր երկրների ղեկավարների առջև պարտադրել մեր փոքր երկրի մեծ իրավունքը, մեր փոքր ազգի մեծի իրավունքը:
****
Ունեցի 60.000 բանակ, ունեցի 120.000 բանակ, բայց եթե էդ բանակի մեջ չկա 10-ը մարդ, 6 մարդ, ով առաջին պահին կանգնում ա ասում՝ ես եմ, իմ հետևից արեք, բան դուրս չի գա: Բանակը 60.000 նույն հաջողությամբ կարող է վերածվել ոչխարի, նույն հաջողությամբ կարող է վերածվել հերոսի, կախված է լիդերից: Առաջին գոռացողն ա պետք, առաջին կրակողը, դրանից հետո սաղ հեշտ ա: Անգամ ծափ տալը կախված ա առաջին մարդուց: Առաջին մարդուց շատ բան ա կախված:
****
…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է ու այդ պատմության տակ այլեւս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաեւ այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց եւ պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր:
****
Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք:
****
Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ, համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թվից առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել ենք ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:
****
Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի, դու դրան մի հավատա, դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:…
Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաեւ ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում:…
Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ: Դուք գալիս-անցնում եք: Ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…
****
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ:
Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել: Ռուսները, երբ զգացին, որ բանակների պատերազմում տանուլ են տալիս Նապոլեոնին, հնարեցին Հայրենական պատերազմը: Եվ դա ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ հնարել է որեւէ ժողովուրդ:
Ասելս այն է, որ մեր պատմության շառավիղներում մենք չցուցաբերեցինք համապատասխան կամք, հավաքականություն, չունեցանք մեր 50-հազարանոց բանակը, չունեցանք Հայրենական պատերազմ հնարելու ռուսական հրաշագործ միտքը, այլապես այսօր ֆրանսիացու պես կճամփորդեինք, կսիրեինք, դեմոկրատիա կխաղայինք, մարդու իրավունքներից կխոսեինք, կենդանիների բնության պահպանության շարժումներ կծավալեինք, կովկասյան տուն կառուցելու գաղափար կմոգոնեինք:
Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել, և անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արեւի տակ:
****
Սիրում ենք դարերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչեւ պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում… Եկել է կանգ առնելու եւ մի պահ հայացք նետելու ժամանակը: Ու՞ր ենք գնում: Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Ումի՞ց ենք թաքցնում: Ումի՞ց ենք գողանում: Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից:
****
Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:
Ինչի՞ն սպասել` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…
Հետևեք մեզ նաև Telegram-ում