Հայկական պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը
Նմանատիպ
Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս եւ Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով եւ հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ’ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու եւ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվեց Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:
Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՍԾՏՀ դիտորդ երկիր’ Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում