Ժերոմ Բոատենգի հոդվածը. «Ռոնալդուն, Մեսսին կկոտրեն քեզ, եթե վախենաս նրանցից»

Ժերոմ Բոատենգի հոդվածը. «Ռոնալդուն, Մեսսին կկոտրեն քեզ, եթե վախենաս նրանցից»

Աշխարհի չեմպիոն Ժերոմ Բոատենգը հատուկ «The Players’ Tribune»-ի համար պատմել է պաշտպանի պարտականությունների առանձնահատկությունների և լավագույն ֆուտբոլիստների դեմ խաղերի մասին: Հոդվածի թարգմանությունը ներկայացված է ձեր ուշադրությանը:

***

Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե պաշտպանը դաշտում ինչո՞վ է զբաղվում: Սկզբի համար հարձակվող դարձեք: Լուրջ: Ամեն դեպքում, իմ տարբերակում դա օգնել է: Սա ստացված օրինակ համարենք: Երբ 14 տարեկան էի, բեռլինյան «Հերտա» ակումբի պատանեկան թիմի հարձակման ձախ եզրում էի հանդես գալիս: Դա շարունակվեց մինչև այն օրը, երբ Շվեդիայում խաղից առաջ մեր պաշտպանները վնասվածքներ ստացան:

«Ժերոմ, պաշտպանությունում կխաղաս»,-ասաց մարզիչը:

Խնդիր չկա: Ինչո՞ւ ոչ: Ես 6 տարեկանից հարձակվող եմ եղել, հետո ինձ համար բացահայտել պաշտպանությունում լավ հանդես գալու գաղտնիքը: Ես գուշակում էի, թե հարձակվողը որ ուղղությամբ կընթանա, ինչ և ինչպես են նրանք ուզում անել, քանի որ ինքս նրանցից մեկն էի եղել: Այդ փորձը մինչև այսօր իմ խաղի հիմքն է կազմում: Նման «գաղտնի» տեղեկատվության ոչ բոլորն են տիրապետում, դրա համար էլ ցանկանում եմ կիսվել գիտելիքներովս: 

Նպատակը պարզ ու ակնհայտ է. հարձակվողներին պետք է թույլ չտամ գոլ խփել, սակայն ինչպե՞ս: Պաշտպանը միայն պատի դեր չէ, որ կատարում է (այս կետին ավելի ուշ կանդրադառնամ): Ցանկացած շարժում, փոխանցում, քայլ, անցում, ֆուտբոլիստի ճանապարհը փակելու ցանկացած գործողություն դաշտում նշանակություն ունի: Ցանկացած որոշում թիմի մարտավարության և գնդակ բաց չթողնելու նպատակի մի մասն է կազմում:

Համագործակցությունը հիմնված է երկխոսության վրա: Շփումը մեր պաշտպանության առանցքային բաղադրիչն է: «Բավարիայում» սովորաբար 3 կամ 4 պաշտպանով ենք խաղում, և անկախ պաշտպանության մարտավարությունից, ես կենտրոնում եմ հանդես գալիս: Հետևաբար անհրաժեշտ է շատ խոսել իմ գծի ֆուտբոլիստների և կիսապաշտպանների հետ այն մասին, թե որ ուղղությամբ է պետք տանել գնդակը: Ազգային հավաքականում ամեն բան այլ է: Հավաքականի ֆուտբոլիստների հետ ավելի շատ ենք խոսում, քանի որ միասին ընդամենը մի քանի ամիս ենք խաղում: «Բավարիայի» ֆուտբոլիստների հետ ամեն օր ենք աշխատում, և ես խորապես ծանոթ եմ այս կամ այն իրավիճակում նրանց գործողություններին, պաշտպանության կամ հարձակման քայլերին, գիտեմ, թե որ ոտքով կատարեմ փոխանցումը: Դաշտում մենք ներդաշնակ ենք ու հաճախ շատ շփման կարիք չկա:

Մեր խնդիրը, ըստ էության, գոլերն անվերջ կանխելն է: Երբ կանխում ենք գրոհը, միանգամից հաջորդն է հասունանում: Միջին հաշվարկով միայն դարպասապահն է ինձանից շատ գնդակը պահում, դա նշանակում է, որ ես պետք է մրցակցի ֆուտբոլիստներից ազատեմ տարածքը, որպեսզի խաղն արագանա: Պետք է արագորեն խմբային գրոհների համար պահ ստեղծել: Գնդակը որսալով կամ փոխանցում ստանալով՝ ես միանգամից հայացքով հարձակվողին եմ փնտրում: Նա բոլորից հեռու է, ու եթե փոխանցումս նրան հասնի, կսկսվի հակագրոհը: Դա ավելի բարդ է, քան կարող է թվալ. Բունդեսլիգայում պաշտպաններին շատ են ուշադրություն դարձնում: Սովորաբար, երբ գնդակ եմ ստանում, մրցակցի 9 խաղացողներն արդեն շարժվում են դեպի սեփական տուգանայինը: Որպեսզի փոխանցումը հասնի հասցեատիրոջը, ժամանակն ու հստակությունը պետք է իդելական լինեն: Ոչ մի բարդ բան, ճի՞շտ է:

Եթե փոխանցումն ամեն դեպքում տեղ հասնի, դժվար թե ժամանակ ունենամ հանգստանալու, պետք է մտածել մրցակցի հնարավոր հակագրոհի մասին: Պրոֆեսիոնալ մակարդակում խաղն ամբողջությամբ կանխատեսել հնարավոր չէ: Պետք է պատրաստ լինել գրոհը «դիմավորելու» անգամ այն պահին, երբ խաղընկերներդ մրցակցի դարպասի ուղղությամբ են գրոհում: Պաշտպանության գծից հարձակման գիծ տեղափոխվելը ժամանակ է խլում, հատկապես, եթե դա «Բարսելոնան» կամ «Ռեալն» են, հնարավոր է, աշխարհի լավագույն հարձակման գիծն ունեցող թիմերը: 

Ի՞նչ պետք է անել, եթե Մեսսիի, Նեյմարի կամ Ռոնալդուի պես ֆուտբոլիստն ամբողջ արագությամբ վազում է դեպքի քո թիմի դարպասը: Գնահատել մարտավարական իրավիճակը, ու դա անել հնարավորինս արագ:

Վախեցնո՞ւմ են ինձ: Եթե վախեցնում են, կարելի է ռիսկի դիմել և սահանկում կատարել, սակայն եթե ես պաշտպանության գծի վերջին ֆուտբոլիստն եմ, ռիկսի դիմել չի կարելի: Պետք է հնարավոր ամեն բան անեմ, որպեսզի դանդաղեցնեմ գնդակի ընթացքը՝ ինձ համար այնպիսի դիրք ընդունելով, որպեսզի խաղընկերներս վերադառնալու ժամանակ ունենան:

Երբ Ռոնալդուի կամ Մեսսիի դեմ ես խաղում, հնարավոր բոլոր տարբերակները բարդ են թվում: Նրանք չափազանց արագ են: Մեսսին ու Նեյմարը ծանրաքարշ չեն ու արագորեն փոխում են ուղղությունը, իսկ 192 սմ հասակ ունեցող ինձ պես պաշտպանի համար դժվարություններ են լինում: Ռոնալդուն բարձրահասակ է, բայց նա անհավատալի արագություն ունի, ուժեղ է ու կարողանում է գլխով խաղալ: Նման հարձակվողներից պաշտպանվելիս կեղծել չի կարելի, քանի որ նրանք միշտ հաղթում են ու միշտ գոլ են խփում: Նրանք չափազանց լավն են, որպեսզի սխալներ թույլ տան: Պաշտպանն արագությունից և տեխնիկայից ավելի վստահության կարիք ունի: Ռոնալդուն, Մեսսին, Սուարեսը, Նեյմարը… Նրանք բոլորը կկոտրեն քեզ, եթե վախենաս նրանցից: Մեկ վայրկյան, ու դու գոյություն չունես: Պետք է զգույշ լինել:

Վստահությունն իմ խաղի հսկայական մասն է: Դրա հետ է կապված կարիերայիս առաջընթացը: Հիմա ես ավելի վստահ եմ ու հանգիստ: Գիտեմ՝ երբ սահանկում կատարեմ, երբ պարզապես կանգնեցնեմ ֆուտբոլիստին: Նախկինում գնդակը կորցնելուն պես փորձում էի հետ վերադարձնել, ինչի հետևանքով էլ հիմար սխալներ էի անում: Չեմպիոնների լիգայում նման բաներն անթույլատրելի են: Խաղն այնքան արագ է, որ ցանկացած անզգուշություն կարող է բաց թողած գնդակի գին ունենալ: Եթե մենք գոլ են բաց թողնում, իմ կանոններից մեկն եմ միացնում՝ չկորցնել գլուխը: Իրավունք չունեմ այսպես մտածելու. «Օ~, Աստված: Առաջ: Մենք պետք է գոլ խփենք»: Խաղը 90 րոպե տևողություն ունի: Եթե անգամ լուսատախտակին «80» է նշված, ամեն դեպքում գնդակ խփելու հնարավորություն կա:

Հիմա խոսենք այն մասին, ինչն են բոլորը սիրում իմ խաղում. մրցակցի առաջխաղացումը կանխելու համար արվող սահանկումներ:

Կարևորը՝ հարմար պահի սպասելն է: Մինչը սահանկում կատարելը, պետք է վստահ լինեմ, որ գնդակով եմ խաղում: Եթե այդ վստահությունը չկա, ես պարզապես «կճզմեմ» հարձակվողին: Ռիսկն այնքան չարժե, որ կարմիր քարտի արժանանաս և վնասես թիմիդ: Բարդությունը կայանում է նրանում, որ որոշում ընդունելու համար գործնականում երկու վայրկյան ունես: Սկսում ես արագություն հավաքել ու հարցնում ինքդ քեզ «Գնա՞լ սահանկման: Հաստա՞տ: Գուցե պարզապես պետք է փորձել ժամանակ շահել, որ մյուսները պաշտպանություն վերադառնան»: Միևնույն ժամանակ ավելի լավ բան չկա, քան հաջողված սահանկումը լարված խաղում:

Մունդիալ 2014-ին մի քանի հաջողված սահանկում եմ կատարել Ֆրանսիայի և Բրազիլիայի դեմ խաղերում, Արգենտինայի հետ եզրափակչում: Դա հսկայական քայլ է 20 տարեկանում հավաքականում կատարած նորամուտից հետո: Այդ ժամանակ ես դեղին, ապա նաև կարմիր քարտ ստացա: Նյարդային էի ու փորձում էի հիմնական կազմում տեղ գտնել, բայց արդյունքում վատ հանդես եկա:

Այստեղից հերթական կետին եմ անդրադառնում. պաշտպանի աշխատանքը հիմնված է գլխում եղած մտքերի վրա, իսկ դրանք յուրաքանչյուրի մոտ տարբեր են: Որոշները կարող են վերապրել անկումը, վնասվածքները, 100% պատրաստ չլինել, բայց խաղալ բարձր մակարդակով: Իմ սկզբունքը հնարավորինս զգոն լինելն է: Եթե ծնկի վնասվածք կամ անձնական կյանքում խնդիրներ ունեմ, հասկանում եմ, որ չեմ կարող ամբողջությամբ խաղին տրվել: Համեմատում եմ այն իրավիճակի հետ, երբ գրասենյակային աշխատողը որևէ այլ բանի մասին է մտածում աշխատասեղանի առջև նստած: Նման դեպքերում ամեն բան փլուզվում է, վատ սահանկումներ եմ կատարում, ուշանում եմ: 

Վերևում նշածներս վերաբերում են միայն այն իրավիճակներին, երբ գնդակը խաղի մեջ է: Եկեք անցնենք իմ աշխատանքի մյուս մասին. տուգանային հարվածներին:

Վստահ եմ, որ տեսած կլինեք, թե պաշտպաններին ինչպես են պատ կանգնեցնում տուգանայինի մատույցներում: Մեր դեմքերը տարօրինակ արտահայտություն են ունենում, քանի որ պատրաստվում ենք ուժեղ հարված ընդունել մեզ վրա: Ի՞նչ միտք է այդ պահին պտտվում գլխումս. «Արա դա, հանուն թիմի»: Հետ պտտվելը մարդկային նորմալ ռեակցիա է: Մի անգամ գնդակն ուղիղ դեմքիս էր գալիս: Փորձեցի թեքվել, որպեսզի ուսով խաղամ, բայց մրցավարը ձեռքով խաղ ազդարարեց ու սուլեց (թեև ձեռքով խաղ չկար): Պետք է սովորել կանգնել տեղում և հարվածներն ընդունել: Ահա քեզ աշխատանք, բայց մյուս տղաները քեզ հետ են՝ պատ կանգնած: Հատկապես դարպասապահը: Պաշտպանի համար նրանից կարևոր ոչ ոք չկա: Հաստատ տեսած կլինեք, թե ինչպես են բղավում պատը կառուցելիս: Նույնը կատարվում է անկյունայինների ժամանակ: Բովանդակությունը գրեթե այսպիսին է. «Ձախ, աջ, ցատկիր: Մի՛ ցատկիր»: Դարպասապահն այնտեղ գլխավորն է, այնպես որ՝ պետք է ենթարկվել: 

Մեզ՝ պաշտպաններիս համար տուգանայինը տեխնիկական դրույթ է: Հարվածից հետո գնդակին ավելի մոտ ֆուտբոլիստը փորձում է այն ցատկելով որսալ:

«Բարսելոնայի» և «Ռեալի» դեմ դա այնքան էլ հեշտ չէ (ինչ-որ տեղ նման մի բան արդեն կարդացել եք, այնպես չէ): Նրանք արագաշարժ են ու տեխնիկապես լավ պատրաստված: Դրա համար էլ, եթե գնդակը դեպի ինձ է թռչում, ես չեմ կարող այն պարզապես հեռացնել տուգանայինի մատույցներից, քանի որ մրցակիցն այն միանգամից կորսա ու կշարունակի գրոհը:

Ինչպես պաշտպանության գծում իրականացվող շատ գործողությունների ժամանակ, գնդակը դուրս բերելիս էլ պետք է գնահատել իրավիճակը: Տեսե՞լ եք, թե որոշներն ինչպես են գնդակը պարզապես անկյունային դուրս բերում: Ձեզ երևի հետաքրքիր է, թե ինչո՞ւ ենք այդպես անում: Միակ պատասխանը, որ գալիս է մտքիս սա է. երկու չարիքից լավագույնն են ընտրում: Իհարկե, միշտ ցանկալի է խաղընկերոջը փոխանցում կատարել, սակայն գնդակը թռչկոտում է, և ստիպված ես հնարավորինս հեռացնել այն, որպեսզի ինքնագոլ չգրանցես: Դա կարող է անմիտ որոշում թվալ, սակայն նրանում շատ մարտավարություն կա: Ավելի լավ է ևս մեկ անկյունային, քան Մեսսին կամ Նեյմարը դարպասիդ առաջ:

Դաշտում վայրկյաններն անգին են: Հարձակվողի դեմ խաղալով՝ զգում եմ նրա դիրքը և կանխատեսում, թե որտեղ կվազի: Փորձում եմ գնդակով լինել նրանից մի քանի վայրկյան հետո: Ինձ միայն մեկ վայրկյան է հարկավոր: Վայրկյանն իմ գլխավոր զենքն է: Ինչպես նաև, հարձակվողի իմ սեփական փորձը: Գիտեմ, թե նրանց գլխում ինչ է կատարվում: Երբ շատ խաղեր ես դիտում, սկսում ես հասկանալ նրանց շարժումները և մտածում ես. «Նա սովորաբար մեջտեղում է լինում և խփում է ձախից»: 

Դա ասես պոկեր լինի: Յուրաքանչյուր հարձակվող իր անհատական հնարքն ունի, սակայն իսկապես լավ հարձակվողների դեպքում նման մոտեցումը սխալ է: Ռոնալդուի դեմ խաղի բարդությունը նրանում է, որ նրա երկու ոտքերի հարվածներն էլ իդեալական են: Հիմնականում չգիտես, թե նա որ կողմ կվազի: 

Դրա համար էլ միշտ երախտապարտ եմ այն մարդուն, ով իմ թիկունքում է: Իմ դարպասապահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում