ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն ենթադրող նախագիծը
Նմանատիպ
Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծի քվեարկությանը գրանցվել է 66 կողմ, դեմ՝ 28, իսկ ձեռնպահ՝ 1 ձայն:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել են ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորում են էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով: Կատարվող փոփոխությունները նաեւ ուղղված են ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության իրավունքների հավասար պաշտպանությանը: Նախագծի համաձայն’ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կկատարվի լրացում, ըստ որի’ «Խմբակցությունը համարվում է իշխանական, եթե խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու եւ ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ: Ընդդիմադիր, ինչպես նաեւ սույն պարբերությունում նշված հատկանիշներին չհամապատասխանող մյուս խմբակցությունները համարվում են ոչ իշխանական խմբակցություններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում