Ս.Սարգսյան. «Քսան տարի առաջ մեր երկրների կողմից իրականացված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված»
Նմանատիպ
«Քսան տարի առաջ մեր երկրների ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված»,- այսօր Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստում ունեցած ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, Սերժ Սարգսյանը ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին՝ 2012-ին ՀԱՊԿ-ում Ղազախստանի արդյունավետ նախագահության համար, ապա’ դիմելով նախագահությունը ստանձնող Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, հույս է հայտնել, որ նրա ներկայացրած առաջնահերթությունները հաջորդ տարի ամբողջությամբ կիրացվեն:
Խոսելով կազմակերպության և անցնող տարվա ընթացքում ՀԱՊԿ ունեցած ձեռքբերումների մասին՝ ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է.
« ՀԱՊԿ շրջանակներում մեր փոխգործակցության փորձը ցույց է տալիս, որ քսան տարի առաջ մեր երկրների կողմից իրականացված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված: Մենք հետևողականորեն զարգացնում ենք առկա մարտահրավերներին արձագանքելու արդյունավետ համակարգը: Ընթացիկ տարում կազմակերպության ջանքերը կենտրոնացված էին երեք հիմնական ուղղությունների վրա. ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդում, արտաքին քաղաքական համակարգման արդյունավետության բարձրացում, ահաբեկչությանը, թմրամիջոցների շրջանառմանը և ապօրինի միգրացիային հակազդելու ոլորտում համագործակցության ընդլայնում»:
Իր խոսքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև անցնող տարվա ընթացքում ՀԱՊԿ ձևաչափով անցկացված զորավարժություններին և դրանց նշանակությանը.
«Սեպտեմբերին Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Թե նախապատրաստական փուլը, թե բուն զորավարժությունները ակնհայտորեն ցույց տվեցին բազմապրոֆիլ ու բազմաբնույթ խնդիրներ լուծելու մեր երկրների ընդունակությունը՝ բանակային զորամիավորումների, ներքին գործերի, հատուկ ծառայությունների և արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների ներգրավմամբ: Հայաստանում անցկացված զորավարժություններին ՀԱՊԿ ձևաչափով առաջին անգամ լիարժեք մասնակցություն ունեցավ կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Այս, ինչպես նաև դրանց նախորդած «Ռուբեժ-2012» զորավարժությունները և ՀԱՊԿ մասնակից երկրների խաղաղապահ ուժերի մասնակցությամբ առաջին համատեղ «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունը էական ներդրում ունեցան մեր զինված ուժերի համագործակցության ամրապնդման, մեր կազմակերպության ներուժի զարգացման գործում»:
Սերժ Սարգսյանը հատկապես ընդգծել է ՀԱՊԿ քարտուղարության ջանքերը, որոնց արդյունքում անցնող տարի ստորագրվել է խաղաղապահ առաքելության մեջ կազմակերպության ներգրավման մասին արձանագրություն: «Վստահ եմ, որ մեր խաղաղապահ զորակազմի մասնակցությունը միջազգային առավել էական՝ խաղաղապահ առաքելություններից մեկում, իսկապես հանդիսանում է նրա կայացման վկայություններից մեկը: Սա էականորեն կբարձրացնի մեր կազմակերպության միջազգային հեղինակությունը»,- նշել է նա:
Վերջում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային’ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար :
«Մեր կազմակերպությունը զարգացնելու և քարտուղարության գործունեությունը կատարելագործելու ուղղությամբ նրա հետևողական ջանքերը բոլորիս համար տեսանելի են և տալիս են իրենց պտուղները»,- ասել է Սերժ Սարգսյանն ու նշել, որ Հայաստանն անկեղծ սատարում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների երկարացման առաջարկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում