Զբոսաշրջության վիճակագրական հետազոտություն իրականացնելու մասին հուշագիր է ստորագրվել

Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության Հարավային Կովկասում տնտեսության խթանման ծրագրի (GIZ) միջև տորագրվեց մտադրություների հուշագիր զբոսաշրջության վիճակագրական հետազոտություն իրականացնելու մասին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն և «GIZ»-ի հայաաստանյան խմբի ղեկավար Իրինա Քաուշը:

Հետազոտության նպատակն է իրականացնել հանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալ հնարավորինս հավաստի տվյալների հավաքագրում, որոնք կբնորոշեն զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, ժամանման/մեկնման նպատակը, զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը, ճամփորդության կազմակերպման եղանակները, կատարված ծախսերի կառուցվածքը:

Հավաքագրված տվյալների հիման վրա կկազմվի վերջնական զեկույց, ինչի հիման վրա հնարավոր կլինի կատարել վերլուծություններ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, մշակել ոլորտի պետական քաղաքականությունը, վարել ոլորտի վիճակագրությունը, ձևավորել մրցունակ զբոսաշրջային արդյունք:

Մեկ տարի տևողությամբ հետազոտությունն իրականացվելու է Բագրատաշեն, Մեղրի, Այրում և Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150,000 (հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում