Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել անցած գիշերը գրանցված ցրտահարության հետևանքները

Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել անցած գիշերը գրանցված ցրտահարության հետևանքները

Ծիրանենու այգիներում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Արարատի տարածաշրջանում նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արտաշատի տարածաշրջանում առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն, Մասիսի տարածաշրջանում` մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում նկատվել է ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում), Արմավիրի տարածաշրջանում ևս ուժեղ վնասվածություն է արձանագրվել: Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում արձանագրվել է ուժեղ վնասվածություն:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի Արենի գյուղում արձանագրվել է ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում` թույլ վնասվածություն: Վայքի տարածաշրջանում հիմնականում վնասներ չեն գրանցվել:

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան: Տավուշի մարզում էական վնասներ չեն արձանագրվել:

Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:

Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2…-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3… -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում